ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Լույս է տեսել…
09.10.2018
Լույս է տեսել…

ՀՊՄՀ-ի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնը 2012 թվականից ձեռնամուխ է եղել լիբանանահայ նշանավոր արձակագիր, քննադատ և հրապարակախոս Գևորգ Աճեմյանի հայագիր ամբողջական ժառանգության լույսընծայմանը:

Առաջին երեք հատորներում ամփոփված են նրա լավագույն արձակ գործերը՝ պատմվածքներ, վիպակներ և վեպեր:

Վերջերս լույս տեսան հեղինակի նաև չորրորդ և հինգերորդ հատորները՝ «Քննադատական երկեր» և «Հրապարակագրական երկեր» խորագրերով՝ պրոֆեսոր Սուրեն Դանիելյանի եւ Քնարիկ Աբրահամյանի առաջաբանով ու խմբագրությամբ:

Լիբանանահայ արձակագրի տեսաբանական եզրահանգումները, գրականագիտական վերլուծումներն ու գրախոսականները այսօր էլ շատ ու շատ հարցադրումներում կարող են կողմնորոշիչ լինել հայրենի եւ սփյուռքահայ գրականագետների համար. տասնամյակների հոլովույթում շարունակում են պահել իրենց արդիականության դրոշմը:

Իսկ քաղաքական դատողություններն ու վերլուծումները գալիս են ամբողջացնելու քաղաքագետ Աճեմյանի նուրբ դիտողականությունն ու ազգային խնդիրների նկատմամբ մտավորականի խորը պատասխանատվությունը:

Չորրորդ հատորում տեղ են գտել առանձին գրքերով հրատարակված ուսումնասիրությունները և ամուլից հանած գործերը, որոնք, հավատարիմ հեղինակային նախընտրության, բաժանված են հետևյալ խորագրերի՝ «Գրադատություն», «Հարցազրույցներ» և «Նամակատուփ»:

Հինգերորդ հատորում տեղ են գտել հետևյալ գրքերը՝ «Միակ լուծումը», «Պիտի յիշե՞նք երբեւիցէ Արեւմտեան Հայաստանը», «Քաղաքական իրապաշտութի՞ւն թէ անձնատուութեան պատրաստակամութիւն», ինչպես նաև մամուլից հանված հոդվածները: