ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Լույս է տեսել…
19.12.2019
Լույս է տեսել…

Լույս է տեսել «Հետաքրքրաշարժ բնագիտություն» ուսումնական ձեռնարկը, որի աշխատանքները կատարվել են Մանկավարժական համալսարանի բնագիտական կրթության գիտամեթոդական լաբորատորիայում: 

Ձեռնարկի հեղինակներն են գիտությունների դոկտոր-պրոֆեսորներ Էդուարդ Ղազարյանը, Արմեն Թռչունյանը, Գևորգ Դանագուլյանը, Գագիկ Մելիքյանը և Սոս Մաիլյանը:

Ձեռնարկը ներառում է բնության տարատեսակ մարմիններին, երևույթներին վերաբերող հետաքրքրաշարժ հարցեր, խնդիրներ, գործնական առաջադրանքներ: Այն նախատեսված է հանրակրթական դպրոցի 5-9-րդ դասարանցիների համար, օգտակար կարող է լինել բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչների և բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են բնական գիտություններով:

Հեղինակների կարծիքով՝ միջին դպրոցում սովորողները բնության տարբեր օբյեկտների, երևույթների, քիմիական նյութերի, կենդանի օրգանիզմների և մարդու մասին տարրական գիտելիքներ են ստանում 5-6-րդ դասարաններում «Բնագիտություն» դասընթացի, իսկ 7-9-րդ դասարաններում՝ ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության և աշխարհագրության ուսումնասիրմամբ: Նյութի մատուցման դասագրքային ձևաչափը, սահմանափակ ծավալները հնարավորություն չեն ընձեռում ուսումնական այս բնագավառում առավելագույնս բավարարելու սովորողների տարատեսակ հետաքրքրությունները:

Ի տարբերություն դպրոցական դասագրքերում և խնդրագրքերում ներառվող իդեալականացված խնդիրների՝ այստեղ ընդգրկված են իրական աշխարհին անմիջականորեն առնչվող հարցեր, խնդիրներ, որոնց լուծումը շատ դեպքերում պահանջում է անհրաժեշտ տվյալների ընտրություն, թվային արժեքների գնահատում: Այլ խոսքով՝ յուրաքանչյուր խնդրի լուծում նման է փոքրիկ գիտական հետազոտության, որը պահանջում է գիտելիքներ մի քանի բնագիտական առարկաներից:

Ձեռնարկի «Հետաքրքիր է իմանալ» խորագրի ներքո առանձնացված են տարատեսակ նյութերի, բույսերի, կենդանիների, մարդու, անվանի գիտնականների, նրանց հայտնագործությունների մասին հետաքրքիր տեղեկություններ: