ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Լույս է տեսել․․․
12.05.2020
Լույս է տեսել․․․

Պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանի և դոցենտ Մարգուշ Միրումյանի համահեղինակությամբ լույս է տեսել «Հայերենագիտական տերմինների ուսումնական բառարան» աշխատանքը։

Բառարանի գիտական խմբագիրն է բանասիրական գիտ. թեկնածու, դոցենտ Դ.Ս. Գյուրջինյանը։

Բառարանում տրվում է հայերենագիտական տերմինների բացատրությունը՝ թեմատիկ (փնջային) եղանակով. յուրաքանչյուր տերմին մեկնաբանվում է բովանդակային համակողմանի ընդգրկումով, որ բառարանին հաղորդում է ուսումնական ձեռնարկի արժեք: Բառարանում հայերենագիտական տերմինները տրվում են ըստ բնագավառների՝ հնչյունաբանություն, գրաբանություն, ձևույթաբանություն, բառա-կազմություն, բառագիտություն, բառարանագիտություն, ձևաբանություն, շարահյուսություն, լեզվի պատմություն, խոսք, տեքստ, ոճաբանություն, ուղղախոսություն, ուղղագրություն և կետադրություն։

Աշխատանքում ըստ բաժինների տրվում է քերականական իրողությունների վերլուծության ընթացակարգը, բերվում են վերլուծությունների նմուշ-օրինակներ։

Վերջում տրվում է հայերենագիտական տերմինների ցանկը։

Այն յուրահատուկ բուհական ձեռնարկ է, որ գիտական չափանիշներով ներկայացնում է հայոց լեզվի բոլոր բաժինները՝ հիմքում ունենալով հայերենի տերմինային համակարգը։ Հայերենագիտական տերմինների ուսումնասիրությունը կարևորվում է ուսանողների համար այն առումով, որ տերմինները կազմում են լեզվի մասին գիտության առանցքը։

Բառարանը կարող է օգտակար լինել դպրոցական և բուհական համակարգերում սովորողներին, հայոց լեզվի ուսուցիչներին, լեզվի մասնագետներին և, առհասարակ, բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են հայոց լեզվի տարաբնույթ հարցերով:

ՀՊՄՀ-ում գործող Լեզվաբանական հետազոտությունների լաբորատորիայի 2019թ. աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքը կատարվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող «Ենթակառուցվածքի պահպանում և զարգացում» ծրագրի շրջանակներում և տպագրվել է Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ մեկենասությամբ։