ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Լույս է տեսել…
12.07.2021
Լույս է տեսել…

Լույս է տեսել ՀՊՄՀ պրոֆեսոր Գագիկ Հարությունյանի «Գաղափարական-քաղաքական պայքարը Կիլիկիայում 13-րդ դարի 2-րդ կեսին» աշխատությունը: Այն ընթերցողի սեղանին է դրվել պատմաբանի անժամանակ մահից երկու տարի անց:

Գրքի շնորհանդեսին ներկա էին պրոֆեսոր Հարությունյանի հարազատները, գործընկերներն ու ուսանողները, որոնք իրենց խոսքում մասնագիտական բազմաթիվ ձեռքբերումների կողքին առանձնակի կարևորեցին նրա մարդկային բարձր որակները:

Ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն իր ողջույնի խոսքում խոստովանեց` շատ դժվար է հաշտվել Գագիկ Հարությունյանի բացակայության մտքի հետ, սակայն մի բան հաստատ է`մարդն ապրում է այնքան, որքան նրա մասին խոսում են, հիշում:

«Կա մի կարևոր հանգամանք, որը նրան վեր է դասում մի շարք գործընկերներից` նա իրենից հետո թողել է ժառանգություն, որում խորհում է պետականության խնդիրների շուրջ, պետականություն, որը մեր ժողովրդի համար միշտ եղել է կարևորագույն նպատակ և ուղեցույց»,-նշեց ռեկտորն ու խոսելով գրքի կարևորության մասին` ընդգծեց, որ մենագրությունը թույլ կտա վերլուծել առաջին հերթին Կիլիկիայի պետականության կորստի պատճառները:

Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանն այն կարծիքին է, որ յուրաքանչյուր գրքի շնորհանդես առիթ է խոսելու ոչ միայն գրքի, այլև հեղինակի մասին:

«Ինքնատիպ էր ամեն ինչում`հարաբերություններում, աշխատանքում, շփումներում՝ բոլորի հետ: Մեզ զարմացրեց, որ նա թողել է ամբողջական կուռ աշխատություն` առանց բարձրաձայնելու այդ մասին: Շատ կարևոր է, որ գիրքը չմնա գրադարակներում և դառնա կարևոր աղբյուր հետազոտողների համար»,-նշեց ֆակուլտետի դեկանն ու վստահեցրեց, որ աշխատանքն իր մեծագույն ու կարևոր հետքը կթողնի հայ պատմագիտության և միջնադարագիտության մեջ:

Անտիպ մենագրության լույսընծայումը նախաձեռնել էր ՀՊՄՀ Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը, որտեղ մինչև իր կյանքի վերջին օրը դասավանդել է պրոֆեսոր Գագիկ Հարությունյանը: Ամբիոնի վարիչ Խաչատուր Ստեփանյանը նշում է` նա զարմանալի համեստությամբ չէր խոսում իր գիտական ժառանգության մասին. կարևորում էր դասավանդումն ու գործընկերների, ուսանողների հետ լավ հարաբերությունները. «Այս մենագրությամբ նա նոր լույս սփռեց այս շրջանի պատմության վրա: Հայ միջնադարագիտությունը ժամանակակից փուլում որոշակի խնդիրներ ունի, բայց Կիլիկիայի առումով մեծ ներդրում է ունեցել Գագիկ Հարությունյանը»,-հավելեց պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը:

Ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը Գագիկ Հարությունյանի հետ բազմաթիվ գրքերի համահեղինակ է: Գործընկերոջ մասին խոսելիս վստահեցնում է` իր ընկալումներում նա իսկական հայ մտավորականի մարմնավորում էր, որի համեստ ու զուսպ էության մեջ հայ ժողովրդի պատմությունն էր, նրա առանցքային ժամանակաշրջաններն ու Կիլիկիայի պետականությունն իր կարևորությամբ: Ակադեմիկոս Սաֆրաստյանը համոզված է, որ երիտասարդությունը կփորձի խորը ընկալել հայոց պետականության նշանակությունը ժողովրդի համար և ամեն ինչ կներդնի դրա պահպանման համար: «Նա ուներ առաքելություն, որը կատարեց նաև հետմահու` հայոց պետականությունը պահպանելու և հզորացնելու մեծագույն պատգամը»,-հավելեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Մենագրությունը կազմողներից Նելլի Մինասյանը շնորհակալություն հայտնեց գրքի լույսընծայման աջակիցներին, ապա խոսեց դրա կարևորության մասին, ինչն ուղղակիորեն արտացոլում էր պրոֆեսորի գիտական ունակությունները: 

«Նա ուներ առաքելություն` նոր սերնդի մոտ սեր ներարկել սեփական երկրի պատմության և հատկապես Կիլիկիայի հանդեպ. նա անհագ սեր ուներ Կիլիկյան քաղաքակրթության նկատմամբ»,-ընդգծեց ԵՊՀ դոցնետ Դավիթ Թինոյանը , որը Գագիկ Հարությունյանի ուսանողներից էր, ապա` նրա ընկերը: 

Նրա կարծիքով` երբ գիրքը գիտական լայն հանրության սեղանին է, նշանակում է գիտնականն այլևս մահ չունի. այս մենագրությունը դրա վառ վկայություններից է. «Սա հայոց պատմության հետաքրքիր շրջափուլերից է, որն այստեղ խորը մասնագիտական քննության է ենթարկված: Ուշադիր ընթերցողի համար աշխատությունը նաև այս ժամանակների մի շարք հարցերի պատասխաններ կտա»,-նշեց գրքի կազմողներից Դավիթ Թինոյանն ու վստահեցրեց` պատմությունը վերլուծելու տեսանկյունից այն նորույթ է, օգտակար ու արժեքավոր` գիտությամբ զբաղվող մարդկանց համար:

Կարգապահ, սրտացավ ու պարտաճանաչ. այսպես են բնորոշում գործընկերները Գագիկ Հարությունյանին, որը մշտապես ուսանողի, երիտասարդ գործընկերների կողքին էր` խրախուսելով գիտության մեջ սերնդափոխությունը:

Գրքի խմբագիր Ռիտա Սաղաթելյանը անկեղծանում է` աշխատությունը գրված էր այնպիսի անթերի հայերենով, որ կարծես իրեն փոխանցվել էր խմբագրված տարբերակ:

«Կարդացել եմ գեղարվեստական գրքի հետաքրքրությամբ և հասկացել, որ գործ ունեմ մնայուն արժեքի հետ»,-խոստովանում է գրքի խմբագիրը:

Գագիկ Հարությունյանի որդին` Վարդան Հարությունյանը մաթեմատիկական կրթություն ունի, սակայն իրեն հայոց պատմագիտության ժառանգության կրողներից է համարում: «Այս գիրքը մեծ ազդեցություն է թողել. ներկաներից շատերին ես չեմ ճանաչում, բայց բոլորս ճանաչում ենք Գագիկ Հարությունյանին, ինչը բավարար է ասելու, որ մենք կրում ենք նրա ազդեցությունը»: