ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Լույս է տեսել Երվանդ Ազատյանի «Էջեր կորուսյալ և անկորուստ» գիրքը
26.09.2019
Լույս է տեսել Երվանդ Ազատյանի «Էջեր կորուսյալ և անկորուստ» գիրքը

«Թեքեյան» մշակութային միությունում կայացավ գրող, հրապարակախոս, գրականագետ, Մանկավարժական համալսարանի պատվավոր դոկտոր Երվանդ Ազատյանի «Էջեր կորուսյալ և անկորուստ» գրքի շնորհանդեսը: Ժողովածուն մի շարք հոդվածների և էսսեների ամբողջություն է, որոնք գրականագետի գրական գործունեության ընթացքում տպագրվել են մամուլում. դրանք հեղինակի մտորումներն ու մոտեցումներն են տարբեր հարցերի ու խնդիրների շուրջ:

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց գրքի լույսընծայման առթիվ և ընդգծեց ժողովածուի առավելությունը՝ «Էջեր կորուսյալ և անկորուստ» գրքի ընթերցումը կարելի է սկսել ցանկացած էջից: Ռեկտորը հատկապես առանձնացրեց «Կապույտ Երևան» էսսեն՝ նշելով, թե հայրենիքից հեռու լինելով՝ հեղինակն ինչ ջերմությամբ է գրում հայրեիքի մասին:

«Այդքան նվիրումով, այդքան բովանդակալից, այդքան հակիրճ ու պոետիկ խոսել հայրենիքի մասին՝ դժվար է: Ահա Երվանդ Ազատյանը, նա մեր ժամանակների մեծագույն մտավորականն է»,-նշեց Ռուբեն Միրզախանյանը։

Գրքի շնորհանդեսին ներկա էին գրականագետներ, բուհի դասախոսներ, գրչակից ընկերներ և պարզապես ընթերցասերներ, որոնք բարձր գնահատեցին Երվանդ Ազատյանի գրականագիտական մեծ վաստակը, քաղաքացիական արիությունն ու բազմաճյուղ մտածողությունը:
«Ազգ» թերթի գլխավոր խմբագիր, ՀՊՄՀ պրոֆեսոր Հակոբ Ավետիքյան ներկայացրեց գրող, գրականագետ Երվանդ Ազատյանին և արժևորեց նրա նոր գիրքը:

Հրապարակախոս, գրաքննադատ Ալեքսանդր Թոփչյանն էլ ընդգծեց, որ Երվանդ Ազատյանն իր հոդվածներում անդրադարնում է այնպիսի հարցերի, որոնց մասին հասարակությունը համարձակություն չի ունեցել բարձրաձայնելու։

Հայաստանի գրողների միության քարտուղար Պետրոս Դեմիրճյանի կարծիքով Ազատյանի մոտեցումը գրականությանը՝ ազգային արժեքների, ազգի և գրականության միասնական հիմքի գաղափարն է:

Թատերական գործիչ, ռեժիսոր, դերասան Ժիրայր Բաբազյանն ընթերցեց «Էջեր կորուսյալ և անկորուստ» գրքից մեկ հատված:

«Անվերջ ճշգրիտ են Երվանդ Ազատյանի գործերը, գրականագիտական բոլոր նյութերում կա սթափ և անկանխակալ հայացք»,- նկատեց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և հորդորեց գրողին իր սթափ հայացքը շեղել դեպի հայաստանյան գրական հիշողություններ:

Գրքի խմբագիր Երվանդ Տեր-Խաչատրյանը մատնանշեց այն երեք արժեքավոր հատկանիշներն ու սկզբունքները, որոնք «Էջեր կորուսյալ և անկորուստ» գիրքը դարձնում են ոչ սովորական, ընտիր գիրք. «Երվանդ Ազատյանը գրում է հայերեն, ունի լայն հայացք, քաղաքացիական դիրքորոշում և կեցվածք»:

«Ես չեմ հավատում նկարչին, որը կտավին գույն չի ավելացնում, երաժիշտին, որը նոտա չգիտի, իսկ գրականագետը միշտ տիրապետում է գրական մտքին, գեղարվետսական, գիտական խոսքին. ահա թե ինչու եմ բարձր գնահատում Երվանդ Ազատյանին. նա կարող է գրել ամենատարբեր թեմաների մասին»,- հավելեց խմբագիրը:

Շնորհանդեսի ավարտին Երվանդ Ազատյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին՝ Երևանից և արտերկրից, գրքի լույսընծայման մասնակիցներին, Մանկավարժական համալսարանի ռեկտորին, և հավելեց. «Ես իմ գրքերը փորձում եմ միշտ Հայաստանում հրատարակել. նպատակը մեկն է՝ փոքրիկ ներդրում ունենալ հայ ժողովրդի երկու կողմերի՝ արևմտահայության և արևելահայության կապի ամրապնդման գործում: Ինձ համար մեր ժողովրդի միասնությունն ամեն ինչից վեր է»:

Շնորհանդեսն ուղեկցվեց քանոնի թովիչ և կենսուրախ հնչյուններով՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանի «Զվարթնոց» խմբի (ղեկ. Հասմիկ Լեյլոյան) երաժշտական հայտնի ու սիրված կատարումներով: