ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Լույս է տեսել WISDOM հանդեսի հերթական համարը
06.08.2019
Լույս է տեսել  WISDOM հանդեսի հերթական համարը

Մանկավարժական համալսարանը գիտական հանրությանն է ներկայացնում WISDOM հանդեսի 2019 թվականի առաջին համարը։

Հանդեսի 1(12) համարում զետեղվել են 10 հոդվածներ, որոնք արտացոլում են հանդեսում ավանդաբար ներկայացվող բաժինների՝ «Իմացաբանություն, գիտության փիլիսոփայություն, մետափիլիսոփայություն, փաստարկում», «Սոցիալական և քաղաքական փիլիսոփայություն», «Փիլիսոփայության պատմություն», «Կրոնի տեսություն և պատմություն», հիմախնդիրները։

Հոդվածների հեղինակները ներկայացնում են հեղինակավոր բուհական ու ակադեմիական հաստատություններ: Երեք հոդվածների հեղինակները Մանկավարժական համալսարանի գիտնական-դասախոսներն են՝ բանասիրական գիտությունների դոկտոր Լալիկ Խաչատրյան, փիլիսոփայական գիտությունների թեկնածուներ Անդրանիկ Ստեփանյան և Ռոմիկ Քոչարյան։

Պահպանելով և կարևորելով երիտասարդ գիտնականների աճը ապահովող հարթակ դառնալու իր միտումը՝ WISDOM-ը այս համարում ևս իրականացնում է երկու ասպիրանտների (այդ թվում՝ ՀՊՄՀ «Հոգեբանություն» մասնագիտությամբ ասպիրանտ Երվանդ Ռումյանի) հոդվածների հրատարակությունը հանդեսի «Երիտասարդ գիտնականի ամբիոն» բաժնում։

«Հիշատակի տուրք» բաժնում անդրադարձել ենք WISDOM-ի խմբագրական խորհրդի անդամ լուսահոգի պրոֆեսոր Վյաչեսլավ Ստյոպինին, ում հետ WISDOM-ի խմբագրակազմը ուներ երկարամյա բեղուն և արդյունավետ գիտական, բարեկամական համագործակցություն։

Ամսագրի խմբագրական խորհրդի կազմը համալրվել է երեք հռչակավոր փիլիսոփաներով, մասնավորապես՝ Էվանդրո Ագացցի՝ Մեխիկոյի Պանամերիքյան քաղաքային համալսարանի (Մեքսիկա) բիոէթիկայի բաժանմունքի պրոֆեսոր, Ֆրիբուրգի (Շվեյցարիա) և Ջենովայի (Իտալիա) համալսարանների պրոֆեսոր էմիրիտուս, Գիտության փիլիսոփայության միջազգային ակադեմիայի (Բրյուսել) նախագահ, Փիլիսոփայական ընկերությունների միջազգային ֆեդերացիայի (FISP) և Փիլիսոփայության միջազգային ինստիտուտի (Փարիզ) նախկին նախագահ (այժմ՝ Պատվավոր նախագահ), Մարիա Բաղրամյան՝ փիլիսոփայության պրոֆեսոր (Իռլանդիա), Դուբլինի համալսարանին առընթեր փիլիսոփայության քոլեջի (UCD) ղեկավար, Թագավորական իռլանդական ակադեմիայի անդամ (MRIA), Փիլիսոփայական ընկերությունների միջազգային ֆեդերացիայի (FISP) վարչական հանձնաժողովի անդամ, Անդրեյ Սմիրնով՝ ակադեմիկոս, փ․գ․դ․, ՌԴ գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության ինստիտուտի տնօրեն։

Նշենք, որ Մանկավարժական համալսարանի WISDOM գիտական պարբերականն ընդգրկվել է Scopus գիտաչափական շտեմարանում։ Սա համալսարանի և մեր երկրի համար աննախադեպ իրադարձություն է և մեծ ձեռքբերում: WISDOM-ն ընդգրկված է նաև ՀՀ ԲՈՀ-ի՝ ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական ժողովածուների ցանկում; Այն գրանցված է 15՝ Scientific Indexing Services (SIS), Journal Impact Factor (JIF), Eurasian Scientific Journal Index (ESJI), Scientific Journal Impact Factor (SJIF), International Scientific Indexing (ISI), European Reference Index for the Humanities and Social Sciences (ERIH PLUS), Advanced Scientific Index (ASI), eLIBRARY (РИНЦ), EBSCO, CYBERLENINKA, CROSSREF, PHILPAPERS, WORLDCAT Google Scholar միջազգային գիտաչափական շտեմարաններում: