ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Լույս է տեսել WISDOM հանդեսի հերթական համարը
27.08.2020
Լույս է տեսել WISDOM հանդեսի հերթական համարը

Մանկավարժական համալսարանն ու WISDOM գիտական հանդեսի խմբագրակազմը  գիտական հանրությանն են ներկայացրել «Իմաստություն» գիտական պարբերականի 15-րդ՝ 2020 թվականի 2-րդ համարը։

Չնայած հանդեսի վերջին երկու համարները հրատարակվում են համավարակի օրերին և հանդիպում դրանով պայմանավորված բազմաբնույթ դժվարությունների ու փորձությունների, այնուամենայնիվ, «Իմաստություն»-ը գրանցել է երկու հաջողություն։

Հաղթահարելով տեխնիկական խնդիրներ`«Իմաստություն»-ն անդամակցեց LOCKSS համակարգին, որտեղ այսուհետ կպահպանվեն ամսագրի համարների էլեկտրոնային տարբերակները (see: https://www.lockss.org/join-lockss/networks/global-lockss-network)

Բացի այդ, 2020 մայիսի 6-ին SCOPUS գիտաչափական շտեմարանը հաշվարկեց «Իմաստության» ազդեցության գործակիցը. 0.2 միավորով ամսագիրը զբաղեցրեց 406-րդ տեղը` SCOPUS «Arts and Humanities», Philosophy» բաժնում ընդգրկված 606 ամսագրերի շարքում (https://www.scopus.com/sourceid/606721100873483)։

Նշենք, որ«Իմաստության» 2(15) համարում տեղ է գտել 18 հոդված. դրանք ներառվել են ամսագրի ավանդաբար գործող բաժիններում՝ «Գոյաբանություն, գիտության փիլիսոփայություն, մետափիլիսոփայություն, փաստարկում և հաղորդակցություն», «Սոցիալ-քաղաքական փիլիսոփայություն», «Փիլիսոփայության պատմություն», Արվեստի փիլիսոփայություն», «Իրավունքի փիլիսոփայություն» (Epistemology, philosophy of science, metaphilosophy, argumentation, communication; Social and political philosophy; History of philosophy, Philosohy of art, Philosophy of law)։

«Այսօր, ավելի քան երբևէ, մտածող, առավել ևս ստեղծագործող մարդը ապավինում է իր և իր նմանների իմաստությանը՝ հասկանալու, ըմբռնելու, իմաստավորելու, արժևորելու, ընդհանրացնելու ստեղծված իրավիճակում իր և ուրիշների մտածողության փոխակերպումները և դրանցով պայմանավորված իր և ուրիշների գործողություններն ու վարքը»,-www.aspu.am-ի հետ զրույցում  նշեց Ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի անվան փիլիսոփայութան և տրամաբանության ամբիոնի վարիչ Հասմիկ Հովհաննիսյանը: 

Վերջինս հույս հայտնեց, որ բնական գիտությունների փորձագիտական հետազոտությունների արդյունքները կգտնեն իրենց փիլիսոփայական իմաստավորումն ու մեկնությունը, գիտելիքի ձեռքբերման նորարարական հնարները կապահովեն աշխարհի մարդու իմաստուն վարք և կառաջադրեն կորոնավիրուսը հաղթահարելու և դրա հետ ներդաշնակորեն գոյատևելու եղանակներ։