ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մագիստրոսական բացառիկ պաշտպանություն՝ հատուկ մանկավարժության ոլորտում
15.06.2020
Մագիստրոսական բացառիկ պաշտպանություն՝ հատուկ մանկավարժության ոլորտում

Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի և ՌԴ –ի "Со-единение" չտեսնող-չլսողների աջակցության ակադեմիայի "Наставники и Ученики" նախագծի շրջանակներում իրականացվեց բացառիկ պաշտպանություն։ Ֆակուլտետի մագիստրոսներ Անուշ Ասլանյանն ու Սոֆի Թորոսյանն իրենց թեզը պաշտպանեցին համատեղ ղեկավարման արդյունքում։ ՀՊՄՀ-ից մագիստրոսների գիտական ղեկավարներն էին դոցենտներ Սիրանուշ Կարապետյանն ու Թերեզա Ազատյանը։

Հունիսի 10-11-ը կազմակերպվեց ապագա հատուկ մանկավարժների առցանց և հրապարակային պաշտպանությունը, որին մասնակցում էր նաև աշխատանքների ռուս համաղեկավար "Наставники и Ученики" նախագծի գիտական համակարգող, հոգեբանական գիտությունների թեկնածու դոցենտ, Ռուսաստանի կրթության ակադեմիայի շտկողական մանկավարժության ինստիտուտի փորձագիտական խորհրդի անդամ Իրինա Սալոմատինան:

Մագիստրոսներն իրենց գիտական աշխատանքներում անդրադարձան բարդ և բազմակի խանգարումներ ունեցող երեխաների հետ աշխատող մանկավարժների դժվարություններին և լսողության և տեսողության խանգարումներ ունեցող երեխաների ընտանիքներին ցուցաբերվող հոգեբանամանկավարժական օգնության համակարգին։

Իրինա Սալոմատինան արժևորեց մագիստրոսների գիտահետազոտական աշխատանքների խորը վերլուծությունները, հետազոտությունների սահմանած նպատակները և խնդիրները, արդիականությունը, տեսական և գործնական նշանակությունները: Միևնույն ժամանակ, փորձագետը կարևորեց հետազոտական աշխատանքների կատարման ինքնուրույնությունը, հետազոտության թեմային համապատասխան տեսական և գործնական տիրույթներում նորարարական մոտեցումների և ստեղծագործական լուծումներ առաջադրելու հմտությունները։ Ապագա հատուկ մանկավարժները դրանք պարբերաբար ներկայացրել են երկու տարվա ընթացքում։

Պաշտպանության հանձնաժողովի անդամները ևս բարձր գնահատեցին մագիստրոսների աշխատանքը և ընդգծեցին ներկայացված հիմնախնդիրների արդիականությունն ու դրա՝ թերի ուսումնասիրվածությունը Հայաստանի Հանրապետությունում։ Հայ և ռուս գործընկերները կարևորեցին համագործակցային աշխատանքների արդյունքում ներկայացված հիմնախնդիրների հետազոտման անհրաժեշտությունը:

Մագիստրոսները ևս կարևորեցին մագիստրոսական թեզի պատրաստման աշխատանքների կատարման ողջ գործընթացում գիտական ղեկավարների, ինչպես նաև ՌԴ-ի փորձագիտական խորհրդի անդամների խորհրդատվություններն ու վերահսկողությունը։ Նրանք վստահեցնում են, որ համագործակցությունն արդենիսկ հիմնավորում է կատարված աշխատանքի արդիականությունը, տեսական և կիրառական նշանակությունը:

Կողմերը հույս և ցանկություն հայտնեցին, որ համագործակցության այս ձևաչափը կլինի շարունակական։