ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մագիստրոսական գիտաժողով
05.05.2018
Մագիստրոսական գիտաժողով

Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր մագիստրոսների գիտաժողով՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին:

Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի և Սկզբնական կրթության ֆակուլտետների ուսանողներն իրենց զեկույցներում անդրադարձան երեխայի անձի զարգացման և կայացման գործում գործում մուլտֆիլմերի ազդեցությանը, ավագ դպրոցականների ձեռներեցության կարողականության ձևավորման սոցիալ-մանկավարժական ուղիներին, ինչպես նաև մանկավարժական իրավիճակների նախագծմանը տարրական դպրոցում:

Մագիստրոսներն անդրադարձան կրտսեր դպրոցում մանկավարժական կոնֆլիկտներին և դրանց հաղթահարմանը, աշակերտների իրավական պաշտպանության հիմնախնդրին, մանկավարժի սոցիալ-մշակութային կոմպետենցիաներին և այլն: Զեկույցներում վերհանվեցին նաև սոցիալական մանկավարժի աշխատանքի առանձնահատկությունները օժտված, ոչ լիարժեք ընտանիքներում ապրող երեխաների հետ, դեռահասների հանգստի և ժամանցի կազմակերպման գործում և այլն:

Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը բարձր գնահատեց Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի նախաձեռնությամբ անցկացվող գիտաժողովը և ընդգծեց, որ այն թույլ է տալիս համատեղել տեսական և գործնական ոլորտներում կատարված աշխատանքը:

«Սա ամենօրյա աշխատանքի արդյունք է, որն ունի բարելավման, շտկումներ կատարելու հնարավորություն. օգտագործեք այս հարթակն ու կատարեք առաջին գիտական քայլերը մանկավարժության և հոգեբանության ոլորտներում»,-նշեց Սրբուհի Գևորգյանն ու մաղթեց արդյունավետ աշխատանք:

Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանն էլ հավելեց, որ մագիստրոսական թեզերի պաշտպանության նախաշեմին սա յուրահատուկ հնարավորություն է ձեռք բերել թեզերի ներկայացման, մանկավարժական հայացքներն ու մեթոդները ներկայացնելու փորձառություն: Դեկանը կարևորեց նաև Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի և Սկզբնական կրթության ֆակուլտետի համագործակցություն և հավելեց, որ նպաստում է հանրապետությունում մանկավարժական մշակույթի զարգացմանն ու խրախուսմանը: