ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մագիստրոսական գիտաժողով՝ թեզերի պաշտպանություններին ընդառաջ
13.05.2019
Մագիստրոսական գիտաժողով՝ թեզերի պաշտպանություններին ընդառաջ

Մասնագիտական կրթության և կրառական ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր մագիստրոսների գիտաժողով:

«Մանկավարժության արդի հիմնախնդիրներ, լուծումներ» խորագրով գիտաժողովին մասնակցում էին Կրթության հոգեբաության և սոցիոլոգիայի և Սկզբնական կրթության ֆակուլտետների մագիստրոսները: Պաշտպանության նախաշեմին սա ևս մեկ առիթ ու հնարավորություն է ծանոթանալ մանկավարժության և հոգեբանության ոլորտի հիմնախնդիրներին, քննարկել թեմաներում արծարծվող խնդիրները, ներկայացնել որոշակի նկատառումներ:

Լիագումար նիստում մագիստրոսներն անդրադարձան մեր երկրի բուհերում աշխատանքի վրա հիմնված ուսուցման կազմակերպման հնարավորություններին, մանկավարժական պրակտիկային՝ որպես ուսանողի մասնագիտական կոմպետենցիաների ձևավորման միջոց, այլընտրանքային խնամքի կազմակերպման համակարգում կամավորության զարգացման ուղիներին և այլն: Գիտաժողովը շարունակվեց երկու մասնաճյուղերում. իրենց զեկույցներում ուսանողներն անդրադարձան հանրակրթության ոլորտի և սոցիալական մանկավարժության արդի հիմնախնդիրներին:

Մասնագիտական կրթության և կիրառական ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աիդա Թոփուզյանը կարևորեց արդիական թեմաների վերաբերյալ մագիստրոսական գիտաժողովի անցկացումը, ինչը հնարավորություն կտա մեկտեղել թեզում առաջ քաշված հիմնախնդիրները:

«Մանկավարժությունն անընդհատ փոփոխվող գիտություն է: Կրթությունը սիրում է ոչ թե  հեղափոխական, այլև էվոլյուցիոն ճանապարհ, ուստի մինչև չարժևորենք հինը, չենք կարող ստեղծել նորը»,-նշեց պրոֆեսոր Թոփուզյանն ու վստահեցրեց՝ ամեն ինչ արվում է, որ համալսարանը լինի ոչ միայն կրթության, այլև գիտահետազոտական աշխատանք կատարելու օջախ:

Նա հույս հայտնեց, որ մագիստրոսական այս գիտաժողովը կօգնի լուծել այն հարցերը, որոնք կանգնած են բուհերի և բարձրագույն կրթության առջև:

Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանն էլ հույս հայտնեց, որ հետազոտական աշխատանքների արդյունքները կլինեն հենց այն փոփոխությունները, որոնք նախանշվում են մանկավարժության ոլորտում:

«Աշխարհն արագ է զարգանում, իսկ մանկավարժությունը կայունություն չի սիրում»,-նշեց Հեղինե Խաչատրյանն ու հավելեց, որ զեկույցները կնպաստեն ոլորտում փոփոխություններ կատարելուն, մագիստրոսների պատրաստվածության բարձրացմանն ու գիտելիքների ավելացմանը: Դեկանը վստահեցրեց, որ մեծ խնդիրներ հետապնդող նման ձեռնարկներ անցկացնելը ֆակուլտետի ուսումնական և հետազոտական գործընթացի պարտադիր մասն է: