ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մահացել է Ալեքսանդր Քոչարյանը
25.07.2020
Մահացել է Ալեքսանդր Քոչարյանը

Հուլիսի 24-ին կյանքից հեռացել է ՀՊՄՀ-ի Ռեժիսուրայի ամբիոնի նախկին վարիչ, բեմադրիչ, դերասան Ալեքսանդր Քոչարյանը:

Ալեքսանդր Քոչարյանը ծնվել է 1938 թվականի օգոստոսի 14-ին Երևանում: Սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժնում: Շուրջ հինգ տարի աշխատել է Կապանի շրջանային թատրոնում` որպես դերասան, որտեղ խաղացել է ավելի քան 20 գլխավոր և երկրորդական դերեր:

Եղել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի թատերական ֆակուլտետի դեկանը, 1986-1996 թվականներին՝ ուսումնագիտական գծով պրոռեկտորը:

1992-ից դասավանդել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում: Եղել է ինստիտուտի մասսայական հանդիսությունների ռեժիսուրայի և մշակութաբանության ամբիոնի վարիչը:

Բեմադրել է «Եկվորը Ռանգունից», «Լրտեսի հետքերով», «Թանկագին սեր» և այլ ներկայացումներ: Ստացել է արվեստագիտության թեկնածուի աստիճան, ռեժիսուրայի ամբիոնի դոցենտի կոչում: Հայաստանի թատերական գործիչների միության և նախագահության անդամ էր: 1981 թվականին արժանացել է Հայաստանի բուհի վաստակավոր գործչի կոչման:

Մանկավարժական համալսարանն իր վշտակցությունն է հայտնում Ալեքսանդր Քոչարյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և ուսանողներին։