ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մահացել է Հովհաննես Չիլինկիրյանը
06.02.2021
Մահացել է Հովհաննես Չիլինկիրյանը

Կյանքից հեռացել է ՀՊՄՀ-ի լավագույն բարեկամներից մեկը` Հովհաննես Չիլինկիրյանը։ Նա 96 տարեկան էր, սփյուռքի նշանավոր ազգային-քաղաքական գործիչ, հրապարակախոս, պատմաբան և բարերար, ինչպես նաև հայ բանաստեղծ, արձակագիր, բժիշկ Ռուբեն Սևակի եղբորորդին։

Հովհաննես Չիլինկիրյանը ծնվել է 1924 թվականի սեպտեմբերի 24-ին Կ. Պոլսի մերձակայքում գտնվող Ֆլորիա գյուղում։ Ավարտել է Պեզազյան վարժարանը, ապա սովորել Կ.Պոլսի Ավստրիական քոլեջում։ Չիլինկիրյանը հորեղբոր օրինակին հետևելով` ընդունվում է Կ.Պոլսի բժշկական համալսարանը, սակայն հեռանում է բուհից և աշխատանքի անցնում վաճառականներից մեկի մոտ որպես գրագիր։

1946 թվականին բազմաթիվ պոլսահայեր, այդ թվում նաև Հովհաննես Չիլինկիրյանը, ցանկություն են հայտնում ներգաղթել Հայաստան, սակայն թուրքական ոստիկանության հետապնդումների, հարուցած արգելքների պատճառով պոլսահայերի թվում նաև Չիլինկիրյանին չի հաջողվում ներգաղթել Հայաստան և հարկադրված մնում է Կ.Պոլսում։ 1955 թվականի սեպտեմբերի 6-7-ին Չիլինկիրյանը ականատես է լինում հույների և հայերի նկատմամբ Կ.Պոլսում թուրքական ոստիկանության աջակցությամբ զինված խուժանի ավերիչ գործողություններին։

1970-ական թվականներին Չիլինկիրյանը հեռանում է Կ.Պոլսից և բնակություն հաստատում Ֆրանսիայի Նիս քաղաքում, ամբողջովին նվիրվում սփյուռքում հայապահպանության գործին, իր պատմագիտական աշխատություններով մերկացնում թուրք և եվրոպական կեղծարար հեղինակների հակահայկական նկրտումները։ Չիլինկիրյանը հսկայական աշխատանք է կատարել իր հորեղբոր՝ նշանավոր բանաստեղծ Ռուբեն Սևակի գրական ժառանգության հավաքման ու պահպանման համար։

Նա ստեղծել է «Ռուբեն Սևակ մշակութային հիմնարկը», որն իր կարևոր գործն է համարում բանաստեղծի գրական-հասարակական ու հեղափոխական գործունեության լուսաբանումն ու նրա գաղափարների տարածումը։ 2009 թվականին Չիլինկիրյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով մի քանի օրով այցելեց Հայաստան, իսկ 2013 թվականին Էջմիածնում Նորին Սուրբ Օծություն Գարեգին երկրորդ կաթողիկոսի օրհնությամբ բացվեց Ռուբեն Սևակի անվան թանգարան-պատկերասրահը, որով իրականացավ մեծ բարերարի տարիներով փայփայած երազանքը։ Սա նյութական իմաստով Հայաստանում երբևէ արված ամենաարժեքավոր նվերն ու բարեգործությունն էր։

Նա թանգարանի միջոցով հայրենիքին փոխանցեց Ռուբեն Սևակի գրական- գեղարվեստական ժառանգության զգալի մասը: Այցի շրջանակներում Հովհաննես Չիլինկիրյանը հյուրընկալվեց նաև Մանկավարժական համալսարանում։ ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը մեծ բարերարին շնորհեց բուհի բարձրագույն պարգև՝ «Խաչատուր Աբովյան» մեդալ: Նրա նախաձեռնությամբ և հովանավորությամբ 2017 թվականից Մանկավարժական համալսարանում անցկացվում էր Ռուբեն Սևակի անվան ամենամյա մրցանակաբաշխություն, որին մասնակցում էին ինչպես ՀՊՄՀ-ի ուսանողները, այնպես էլ Հենակետային վարժարանի աշակերտները՝ ներկայացնելով գրող Ռուբեն Սևակի կենսագրական, հասարակական գործունեության և գրական բարձր շերտերը քննող խոհագրություններ։ Ամեն տարի լավագույն 3 աշխատանքներն արժանանում էին դրամական պարգևի։

Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողներն իրենց խորը վշտակցությունն են հայտնում սփյուռքի նշանավոր ազգային-քաղաքական գործչի, հրապարակախոսի, պատմաբանի և մեծ բարերարի հարազատներին և բարեկամներին։