ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մահացել է ՀՊՄՀ-ի պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանը
20.07.2017
Մահացել է ՀՊՄՀ-ի պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանը

Կյանքից անժամանակ հեռացել է Մանկավարժական համալսարանի Կիրառական հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր, հոգեբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Պողոսյանը:

Վերջինիս հուլիսի 17-ին «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի իր աշխատասենյակում դանակահարել էր բուժվող հիվանդներից մեկը: Պրոֆեսորը տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ էլ օրեր անց մահացել էր:

1967-1971 թթ. Ռուբեն Պողոսյանը սովորել է Մանկավարժական համալսարանի Մանկավարժության ֆակուլտետում, 1987 թ. պաշտպանել է «Ընդհանուրից դեպի մասնավորը մտածողության ռեալության հոգեբանական առանձնահատկությունների հետազոտություն» թեմայով գիտական թեզը և ստացել թեկնածուական աստիճան:

Մինչ օրս պրոֆեսորը դասավանդում էր բուհում՝ ծավալելով գիտամանկավարժական արգասաբեր գործունեություն: Անդամակցում էր մասնագիտական ոլորտի բազմաթիվ ասոցիացիաների և կազմակերպությունների, հոգեբանական ծառայություններ մատուցող առաջատար կենտրոնի գիտական ղեկավար էր:

Մի շարք գիտական հրապարակումների և աշխատությունների հեղինակ է: Մանկավարժական համալսարանն իր խորը վշտակցությունն է հայտնում հայտնի հոգեբանի հարազատներին, մտերիմներին, գործընկերներին և ուսանողներին:

Ռուբեն Պողոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 21-ին՝ ժամը 18:00-ին Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ. Սարգիս եկեղեցում: