ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մահացել է ՀՊՄՀ-ի պրոֆեսոր Վարդգես Գուլիկյանը
12.09.2017
Մահացել է ՀՊՄՀ-ի պրոֆեսոր Վարդգես Գուլիկյանը

Կյանքի 75-րդ տարում հանկարածամահ է եղել Մանկավարժական համալսարանի Կերպարվեստի ամբիոնի պրոֆեսոր Վարդգես Գուլիկյանը:

Վարդգես Գուլիկյանն ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարի, ապա Երևանի Պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի գեղանկարի բաժինները։

1982 թվականից Հայաստանի նկարիչների միության, 1997-ից՝ Նկարիչների միջազգային միության անդամ էր:

Տարբեր տարիներին աշխատել է Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում` որպես բեմի նկարիչ, Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ որպես ֆիլմի նկարիչ, նախագծային ինստիտուտում` որպես ավագ ճարտարապետ, Երևանի քաղխորհրդի նախագծային ինստիտուտում` որպես բաժնի վարիչ:

Վարդգես Գուլիկյանը 1990 թվականից մինչ օրս դասավանդում էր Մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետում, Կերպարվեստի ամբիոնի պրոֆեսոր էր։

Վաստակաշատ նկարիչն անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հոլանդիայում Լեհաստանում, Երևանում և այլուր։ Նրա ստեղծագործություններից մի քանիսը պահվում են Հայաստանի նկարիչների միության և ՀՀ մշակույթի նախարարության ֆոնդերում:

Արժանացել է մի շարք պարգևների, հեղինակ է բազմաթիվ հրապարակումների:

Մանկավարժական համալսարանն իր խորը վշտակցությունն է հայտնում վաստակաշատ մանկավարժի, հայտնի նկարչի հարազատներին, մտերիմներին, գործընկերներին և ուսանողներին. նա սիրված էր բոլորի կողմից իր մարդկային բարձր հատկանիշների և պրոֆեսիոնալիզմի համար:

Վարդգես Գուլիկյանի հոգեհանգիստը կկայանա սեպտեմբերի 13-ին՝ ժամը 18:00-ին «Լուարա» սգո սրահում, հուղարկավորությունը՝ նույն վայրից սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ին: