Այսօր Մանկավարժական համալսարանում էին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Էրեբունի բժշկական քոլեջների ուսանողները։
Ուսանողական խորհրդի նախաձեռնությունն էր․ նպատակը՝ բժշկական ուղղվածություն ունեցող կրթական կառույցների ուսանողներին ծանոթացնել Մանկավարժական մայր բուհին, այստեղ կրթությունը շարունակելու հնարավորություններին, ուսանողական կյանքին և անցուդարձին։
ՈւԽ-ի նախագահ Պարույր Գալստյանը հույս հայտնեց, որ մի դեպքում արդեն կայացած, իսկ մյուս դեպքում՝ նոր սկսվող համագործակցությունն արդյունավետ կլինի երկուստեք։
Նա նախ հետաքրքրվեց՝ արդյո՞ք ուսանողները կողմնորշվել են հետագա մասնագիտության ընտրության հարցում, ապա ներկայացրեց բուհում գործող ուսուցչական և ոչ ուսուցչական մասնագիտությունների լայն սպեկտորը, միջազգային կրթական ծրագրերին մասնակցելու և արտերկրի լավագույն բուհերում կրթությունը շարունակելու, ոլորտի մրցունակ մասնագետներ դառնալու, մի շարք մասնագիտությունների գծով մինչև 77 000 դրամ կրթաթոշակ ստանանալու հնարավորությունները և այլն։
Պարույր Գալստյանը լավ հնարավորություն համարեց այն, որ բարձր առաջադիմություն ունեցող քոլեջի ուսանողներին հնարավորություն կտրվի առանց քննության և միանգամից երկրորդ կուրսից կրթությունը շարունակելու։ Նա մանրամասներ ներկայացրեց նաև ՀՊՄՀ-ում գործող ուսանողական ծրագրերից, այդ թվում՝ սոցիալական, անդրադարձավ ուսանողական հետաքրքիր ու գերհագեցած առօրյային։
Բժշկական քոլեջների ուսանողները շրջայց ունեցան նաև բուհում, եղան «Բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա» ոլորտի գերազանցության կենտրոնի լաբորատորիաներում, ծանոթացան տեխնիկական հագեցվածությանը։
Բուհի տարբեր ֆակուլտետների դասավանդողներ ներկայացրին Մանկավարժականում սովորելու առավելությունները, այն եզակի մասնագիտացումները, որ տալիս է բուհը, մագիստրոսական կրթության հնարավորությունները, խոսեցին մեր օրերում մանկավարժի մասնագիտության կարևորության, այն այլ մասնագիտությունների հետ համակցելու դեպքում զբաղվածության խնդիրը հեշտորեն լուծելու հեռանկարների մասին։
Ուսանողներն ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը՝ ընդունելության, իրենց տրվող արտոնությունների վերաբերյալ և այլն։
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկական քոլեջի ՈւԽ-ի նախագահ Վարդան Ադիլյանը հույս հայտնեց, որ Մանկավարժական համալսարան կատարած այցն ու ուսանողների տեղեկացվածությունը կհեշտացնի մասնագիտական ճիշտ կողմնորոշման հարցն ու դրանով պայմանավորված՝ նաև հաջողություններ գրանցելու հնարավորությունները։