ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարաժական համալսարանի գիտական ֆոնդը համալրվեց գրքերով
17.03.2017
Մանկավարաժական համալսարանի գիտական ֆոնդը համալրվեց գրքերով

ՀՊՄՀ-ի պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների դոկտոր Բելա Եսաջանյանի ընտանիքն այսօր Ռուսաց լեզվի ամբիոնին նվիրաբերեց լուսահոգի ակադեմիկոսի անձնական գրքերից:

Դոկտոր, պրոֆեսոր Բելա Եսաջանյանի հեղինակած դասագրքերով մի քանի սերունդ է կրթվել. ավելի քան 30 դասագիրք, 315 տպագրված գիտական աշխատանք ու 6 մենագրություն:

ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը շնորհակալություն հայտնեց պրոֆեսորի ընտանիքին՝ բարձր գնահատելով ընթերցողների համար գիտական ֆոնդը շուրջ 400 անուն գրքով հարստացնելու նախաձեռնությունը:

«Այս գրքերը կարևոր են իրենց գիտական արժեքով. դրանք մեծ նշանակություն ունեն ռուսաց լեզվի մասնագետների և մեթոդիստների համար: Գրքերը մեծապես կօգնեն ինչպես դասավանդողներին, այնպես էլ ասպիրանտներին, մագիստրոսներին և բակալավրիատի ուսանողներին: Դրանք իրենց ուրույն տեղը կգտնեն ՀՊՄՀ-ի ֆոնդերում և պահանջված կլինեն ընթերցողների շրջանում»,- նշեց Ռուբեն Միրզախանյանը:

Ակադեմիկոսի դուստր Վարվարա Քալաշյանն իր խոսքում ընդգծեց, որ Բելա Եսաջանյանի՝ 70 տարվա պատմություն ունեցող գրադարանը հարազատ բուհին հանձնելու որոշումը երկար չի քննարկվել.պրոֆեսորի գիտական և մանկավարժական գործունեությունը սերտորեն կապված է Մանկավարժական համալսարանի հետ.«Վստահ եմ, որ նրա գործը կապրի նաև այս գրքերի շնորհիվ.ամեն անգամ, երբ ուսանողն օգտվի դրանցից, նրա գիտելիքների պաշարն ավելի կմեծանա»:

ՀՊՄՀ-ի Ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ Իննա Սարգսյանը, խոսելով Բելա Եսաջանյանի հարուստ գրադարանի մասին, նկատեց, որ այն միշտ էլ հասանելի է եղել բոլորին: Պրոֆեսորը ցանկացած պահի սիրով տրամադրել է անհրաժեշտ նյութեր.«Ուրախ եմ, որ մեր ուսանողներն այսուհետ հնարավորություն կունենան գրքերի միջոցով «շփվել» Բելա Եսաջանյանի հետ: Գրքերից որոշները տպագրվել են դեռևս նախորդ դարի սկզբին. դրանք արժեքավոր են և կօգնեն ուսանողներին հետևել լեզվաբանության, մեթոդիկայի զարգացմանը»:

Բելա Եսաջանյանը երկար տարիներ ղեկավարել է համալսարանի ռուսաց լեզվի ամբիոնը: Նա կյանքի վերջին տարիները ևս անցկացրել է հարազատ բուհում՝ իր փորձն ու գիտելիքները փոխանցելով կրտսեր սերնդին: