ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Մանկավարժական գործընթացում երեխաները մեր գործընկերներն են»
22.11.2017
«Մանկավարժական գործընթացում երեխաները մեր գործընկերներն են»

«Մանկության ժամանակակից հիմնախնդիրների ուսումնասիրման լաբորատորիա»-ի նախաձեռնությամբ այսօր կայացավ «Մանկավարժական համատեղելիություն» խորագրով սեմինար:

Կրթության ոլորտի պատասխանատուները, դասախոսները, դպրոցների տնօրենները, ուսուցիչներն ու մագիստրոսները սեմինարի ընթացքում ծանոթացան նորաստեղծ եզրույթի սահմանմանը, դրա վերաբերյալ կատարեցին առաջարկներ, քննարկումներ:

Մանկության ժամանակակից հիմնախնդիրների ուսումնասիրման լաբորատորիայի ղեկավար, պրոֆեսոր Աիդա Թոփուզյանը ներկայացրեց լաբորատորիայի իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները և ընդգծեց՝ արդյունքները ցույց են տալիս, որ անելիքներ կան ուսուցիչների պատրաստման և վերապատրաստման ոլորտում:

«Որոշ դպրոցներում դեռ շարունակում է տիրել անհանդուրժողականությունն ու կոպտությունը, իսկ անառողջ ուսուցիչն ու աշակերտը վտանգավոր են միմյանց համար»,-նշեց Աիդա Թոփուզյանն ու հավելեց, որ ուսուցչի և աշակերտի՝ միմյանց վրա ազդելու եզրույթը լաբորատորիան անվանել է մանկավարժական համատեղելիություն:

Պրոֆեսորը վստահեցրեց, որ նոր հասկացության սկզբունքների հիմքում հումանիստական մոտեցումներ են՝ համագործակցություն, երկխոսություն, զրույց, հիմնավորում, փոխազդեցություն, հոգեվերլուծություն և այլն, որոնց մի քանիսի բացակայության դեպքում ստեղծվում է լարված մթնոլորտ. «Երբ երկուստեք հարաբերությունները հարմարավետ ու պաշտպանված չեն, խաթարված է նաև ուսումնական պրոցեսը»:

Աիդա Թոփուզյանն իր ելույթում ներկայացրեց նաև մանկավարժական համատեղելիություն իրականացնող ուսուցչի մոդելը և ընդգծեց, որ նա առաջին հերթին պետք է լինի ապրումակցող, հանդուրժող, ունենա կառուցողական մտածելակերպ և վարքագիծ, համընկնողական հմտություններ, տիրապետի անդրադարձությանն ու պատրաստ լինի միասնական գործունեության:

«Մանկավարժական գործընթացում երեխաները մեր գործընկերներն են»,-նշեց Աիդա Թոփուզյանն ու ներկաներին կոչ արեց հանդես գալ առաջարկներով՝ համատեղ ընտրելու մեթոդներն ու սկզբունքները:

«Մանկավարժական համատեղելիությունը կարող է վճռորոշ լինել մանկավարժության համար: Հասկացությունը պետք է որսա խնդրի էությունը, սահմանումը պետք է լինի էական, ոչ թե նկարագրական»,-նշեց ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանն ու ներկայացրեց վերլուծական մի քանի նկատառում ևս:

Փոխնախարարի կարծիքով՝ ուսուցիչ-աշակերտ հարաբերությունների հիմքում ընկած է աշակերտ-աշակերտ կոնֆլիկտը. Մանկավարժական համատեղելիություն պետք է ուսումնասիրել առանձին՝ նախ աշակերտների միջև, ապա ուսուցիչների, վերջում՝ ուսուցիչ-աշակերտ հարաբերություններում:

Եղան ելույթներ, որոնցում կրթության ոլորտի ներկայացուցիչները կարևորեցին նաև դպրոցականների ֆիզիկական զարգացվածության խնդիրը՝ առաջարկելով մանկավարժական համատեղելիության մեջ ուշադրություն դարձնել այդ գործոնին ևս. չէ՞ որ դպրոցական տարիներին է երեխաների մոտ առաջանում մանկական շաքարախտ, կեցվածքի շեղումներ, հարթաթաթություն և այլն:

Պրոֆեսոր Լաուրա Ասատրյանն էլ հավելեց, որ մանկավարժությունը հիմնարար և անընդհատ զարգացող գիտություն է, իսկ մանկավարժական համատեղելիության հարցում կարևորեց երկու հիմնական օղակ՝ բուհը և նախադպրոցական հաստատությունը:

Սեմինարի մասնակից տարբեր ոլորտների ներկայացուցիչներ իրենց մասնագիտական տեսնկյունից ևս կատարեցին լրացումներ. մանկավարժական գիտությունների դոկտոր Ռոբերտ Ազարյանը կարևորեց ուսուցչի հետևողականությունը աշակերտի նաև տեսողության խնդրին՝ վստահեցնելով, որ նման դեպքերում երեխաների մոտ 10 տարի հետո առաջանում է «դպրոցական կարճատեսություն», ինչը հետո վերածվում է թույլ տեսողության: Պրոֆեսոր Մնացական Մնացականյանն էլ առաջարկեց, որ մանկավարժական համատեղելիության եզրույթի էության մեկնաբանումը գիտական հարթություն տեղափոխելիս որոշ կարևոր մտքեր ևս անհրաժեշտ է ամրագրել՝ աշակերտի հանդեպ ուսուցչի նվիրումի, պահվածքի և դերի մասին: Եղան նաև այլ ելույթներ, կարծիքներ և առաջարկներ: