ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժական համալսարանի ուսանող լինելը պատվաբեր է․․․
18.09.2024
Մանկավարժական համալսարանի ուսանող լինելը պատվաբեր է․․․

«Լրագրությունն այն մասնագիտությունն է, որի հիմնական թիրախը սմարթ, խելացի մարդն է։ Երբ դու փորձում ես ոչ թե զարգացնել տեխնոլոգիաները, այլ քո խոսքով, բարոյական նորմով, գաղափարով զարգացնել մարդու տեսակ, անհատին։ Երբ ընտրում եք լրագողի մասնագիտությունը, ստանձնում եք գրեթե նույն առաքելությունը, ինչ մանկավարժը՝ կրթելու հասարակությանն ու փոխանցելու կարևոր արժեքներ»,-այսօր ՀՊՄՀ Հենակետային վարժարանի աշակերտների հետ հանդիպմանը նշեց բուհի Հեռուստառադիոլրագրության ամբիոնի դոցենտ Արթուր Բաղդասարյանը։

Մանկավարժական գիտությունների թեկնածուն, որն ավելի քան 25 տարի դասավանդում է բուհում, լրագրության հոսքն ընտրած աշակերտների հետ հանդիպմանը խոսեց աշխարհի հնագույն մասնագիտություններից մեկի մասին և հիշեցրեց՝ լրագրությունն իր գործառույթների շրջանակով կիսով չափ ստեղծագործական արվեստ, արհեստ և կրթական մասնագիտություն է։

Բանախոսն անկեղծացավ՝ այսօր լրագրողի մասնագիտության հանդեպ բացասական վերաբերմունք է ձևավորվել՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճաններով, բայց պետք է հիշել՝ լրագրողը, լինելով 4-րդ իշխանություն, սեփական շահը չի պաշտպանում, այլ իրականացնում է վերահսկողական գործառույթ․«Որքան էլ փորձեն վարկաբեկել, արժեզրկել լրագրությունը, յուրքանչյուր հասարակության համար այն բժշկի և մանկավարժի դերակատարում ունի, որ նաև մարդ է ձևավորում։ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը հանգեցրել է նրան, որ մեր օրերում լրագրությամբ «զբաղվում է» յուրաքանյուր քաղաքացի․ այն այսօր փոխել է իր հիմնական ուղղությունը։ Թերևս այդ է պատճառը, որ տեղեկատվության օպերատիվությունն այսօր լրագրողի համար այլևս առաջնային խնդիրը չէ․ նրա համար մարտահրավեր է իմաստ, բովանդակություն ստեղծելը»,-նշեց Արթուր Բաղդասարյանը։

Նա խոսեց նաև աշխարհում պահանջված և գիտատեխնիական առաջընթացով պայմանանվորված «մահացող» մասնագիտությունների, դպրոց-մանկավարժ-կրթություն եռանկյունու, Մանկավարժականում լրագրության դասավանդման առանձնահատկությունների, բուհն ավարտած լրագրողի մասնագիտական գործունեության հեռանկարների մասին։

Այն, որ լրագրությունը հեռանկարային մասնագիտություն է, վստահ է ոլորտում նաև պրակտիկ գործունեություն ծավալած մասնագետը՝ նշելով, որ ապագայում լրագրությունն առավել բարձր նշաձող կդնի իր առջև՝ բովանդակություն, գաղափար և իմաստ ստեղծող․ «Իրական արժեքը չի կարող անկում ապրել և մնալ այնտեղ․ այն միշտ բարձրանում է»։

Արթուր Բաղդասարյանը հանդիպման ընթացքում խոսեց նաև իր կրթության և մասնագիտության ընտրության մասին. ՀՊՄՀ-ն ավարտած ու Հենրիկ Մալյանի արվեստանոցում կրթված մանկավարժի համար պատվաբեր է Մանկավարժական համալսարանի դասախոս լինելը։ Խոստովանում է՝ իր կյանքում շատ հաճախ հանդիպած հիասթափություններն ու դժվարությունները հաղթահարել է նաև սիրելի մասնագիտության շնորհիվ։ Լիահույս է՝ աշակերտական համայնքն էլ կստանա լավ կրթություն, դպոցում կձևավորվեն լավ հիմքեր, որոնց շնորհիվ կինքնաիրացվեն և կկայանան։