ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Մանկավարժական համալսարան» մեդալ՝ Արթուր Ալեքսանյանին
30.11.2016
«Մանկավարժական համալսարան» մեդալ՝ Արթուր Ալեքսանյանին

«Սե՞ր, թե՞ սպորտ.սերն ամեն ինչում է՝ նաև սպորտում»,-վստահ է 2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը, որն այսօր Մանկավարժական համալսարանի հյուրն էր:

Բուհի ուսանողների հետ հանդիպումը աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոնի հետ ջերմ էր, անկեղծ ու անմիջական, այն նույն ոգևորությամբ, ինչ Օլիմպիական խաղերի օրերին էր:

Մարզիկի կնոջ իդեալը ճշտելուց մինչև հաջողության գրավականի բացահայտում.մարզասեր-ուսանողների հարցերն ամեն ինչի մասին էին ու նույն նախաբանով՝ հպարտ ենք, ազգի հերոս եք:

Ուսանողների ոգևորությունը կրկնապատկվեց, երբ առաջին համարձակը, որը փորձեց բացահայտել «Սպիտակ արջ» մականվան ծագումը, նաև հնարավորություն ունեցավ լուսանկարվել հայ հունահռոմեական ըմբշամարտիկի հետ:

Հանդիպման ընթացքում Արթուր Ալեքսանյանը խոսեց սիրելի սպորտաձևով զբաղվելու, մեծ սպորտում ունեցած հիասթափությունների և հաղթանակների մասին.«Այն, ինչը կոչում են սպորտի գագաթնակետ, ինձ համար մանկության երազանք էր, ձգտում, որը կար 16 տարի շարունակ սպորտով զբաղվելու ընթացքում: Դժվար է դառնալ Օլիմպիական չեմպիոն. ի տարբերություն այլ մրցաշարարերի, կրկնապատկվում է լարվածությունն ու մեկտեղվում հոգեբանական և ֆիզիկական պայքարը»,-նշեց մարզիկն ու հավելեց՝ հիասթափություններ եղել են, սակայն միշտ էլ ուժ է գտել պայքարել, ինչում մեծ դեր ունի նաև ժողովրդի սերը, ընտանիքն ու հատկապես մազիչը՝ հայրը:

Կյանքում սպորտից դուրս մեծագույն հաղթանակը դարձյալ սպորտը համարող ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիրը վստահեցրեց՝ առաջիկայում նոր հաղթանակներ ունենալու ձգտումով՝ շարունակելու է մարզվել:

Հանդիպման ընթացքում ուսանողները մի քանի անգամ անակնկալ մատուցեցին Արթուր Ալեքսանյանին. դրանցից «ամենաքաղցրը» մարզիկին սիրելի շոկոլադով հյուրասիրելն էր:

Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպման ընթացքում բուհի պրոռեկտոր Արմեն Թամազյանը Արթուր Ալեքսանյանին պարգևատրեց «Մանկավարժական համալսարան» մեդալով և նկատեց՝ այցը բուհ, հիրավի, մեծ իրադարձություն է, վկայությունը՝ մարդաշատ դահլիճը:

«Մանկավարժական համալսարանի ուսանողների հետ հանդիպումը ջերմ էր ու հիշարժան.շատ բան կա սովորելու երիտասարդ սերնդից: Բուհի ստացած պարգևը նույնպես թանկ է. այն իր ուրույն տեղը կգրավի իմ պարգևների շարքում»,-aspu.am-ի հետ զրույցում հանդիպումն ամփոփեց Օլիմպիական չեմպիոնը:

 Լուսանկարները՝ Խաչատուր Խուդատյանի