ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Մանկավարժական համալսարան» մեդալ` ճարտարապետ Սեմյոն Բարսեղյանին և դասախոս Գագիկ Կարապետյանին
11.06.2021
«Մանկավարժական համալսարան» մեդալ` ճարտարապետ Սեմյոն Բարսեղյանին և դասախոս Գագիկ Կարապետյանին

ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, բուհի Գիտական խորհրդի որոշմամբ, «Մանկավարժական համալսարան» մեդալներ հանձնեց ճարտարապետ Սեմյոն Բարսեղյանին և պարարվեստի մանկավարժության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս Գագիկ Կարապետյանին:

Ռեկտորը շնորհավորեց Գագիկ Կարապետյանին ծննդյան 70-ամյա հոբելյանի առթիվ և ընդգծեց. «Դուք հայ պարարվեստի մեծագույն պարուսույցներից եք և անվանի մանկավարժ»: Նա հույս հայտնեց, որ անվանի պարուսույցի մանկավարժական շոշափելի վաստակը իր դրսևորումները կունենա հայ մշակույթում` ի դեմս բուհի պարուսույց-շրջանավարտների:

Ռուբեն Միրզախանյանը Գիտական խորհրդի, բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների անունից շնորհակալություն հայտնեց ճարտարապետ Սեմյոն Բարսեղյանին`Մանկավարժական համալսարանի բակում Արցախյան երկրորդ պատերազմում բուհի զոհված ուսանողների հիշատակին նվիրված հուշաքարին ճարտարապետական հետաքրքիր ոճ ու լուծում տալու համար: 

«Խաչքար-հուշակոթողն իր բովանդակային իմաստով բացառիկ է: Ձեր շնորհիվ մենք քաղաքում ունեցանք նահատակների անունները սրբացնող ու հավերժացնող հուշակոթող: Այն ուղղակիորեն առնչվում է մեր ազգի վերջին պատերազմի ողբերգությանը, հավերժացնում մեր երիտասարդ տղաների հիշատակը. նրանցից շատերն ընդունվեցին համալսարան ու չհասցրին անգամ սովորել, մեկնեցին հայոց բանակ»,-նշեց ռեկտորը:

Նա այն կարծիքին է, որ տարիների ընթացքում շատ բան փոխվում է, մոռացվում, սակայն Սեմյոն Բարսեղյանի ստեղծագործական անմնացորդ նվիրումով ստեղծված հուշակոթողը բոլորի հիշողությունն արթուն կպահի նաև տարիներ հետո: