ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Մանկավարժական համալսարան» մեդալ՝ «Կադանս» անսամբլին
21.11.2017
«Մանկավարժական համալսարան» մեդալ՝ «Կադանս» անսամբլին

Մանկավարժական համալսարանի հիմնադրման 95-ամյակին նվիրված միջոցառումների շարքում այսօր համերգային ծրագրով բուհում էր «Կադանս» անսամբլը:

Լեփ-լեցուն դահլիճում «Կադանս»-ի կատարմամբ հնչեցին արգենտինական, եվրոպական և հայ դասական կոմպոզիտորների գլուխգործոցները. երաժիշտները կատարեցին Աստոր Պիացոլլայի, Ռենո Անզոլինոյի, Արամ Խաչատրյանի, Կոմիտասի, Էդուարդ Բաղդասարյանի ստեղծագործություննները:

Յուրատեսակ, ինքանտիպ, իր կազմով եզակի «Կադանս» անսամբլը բուհի կողմից պարգևատրվեց «Մանկավարժական համալսարան» մեդալով:

Համերգի կազմակերպիչ, ՀՊՄՀ-ի Մշակույթի կենտրոնի նախկին տնօրեն, պրոֆեսոր Արկադի Շեկունցը վստահ է՝ «Կադանս»-ը երևույթ է՝ եզակի նաև աշխարհի մասշտաբով.«Մանկավարժականն ինձ համար հարազատ մի վայր է, որտեղ կես դարից ավել ծավալել եմ մանկավարժական գործունեություն.սա յուրատեսակ երաժշտական նվեր էր իմ հարազատ կրթօջախին: Բուհում սիրում և գնահատում են լավ երաժշտություն.ապացույցը՝ դահլիճն ու երաժշտասեր հանդիսատեսի արձագանքն էր»:

«Նվագեցինք՝ մեծ սիրով և ջերմությամբ.դա էր պահանջում նաև դահլիճի արձագանքը»,-համերգի ավարտին aspu.am-ի հետ զրույցում նշեց խմբի կիթառահար, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Հակոբ Ջաղացպանյանը:

Վերջինս նկատեց, որ ծանոթ է Մանկավարժականի՝ արվեստի ֆակուլտետներում դասավանդողների բարձր որակին. ուսանողներին խորհուրդ տվեց զբաղվել նաև ինքնակրթությամբ, և հեռու մնալ հայկական երաժշտության ներքո ներկայացվող այսօրվա «երաժշտարվեստից»:

«Կրթվեք, ինքնակրթվեք, հետահետաքրքրվեք արվեստի այլ ճյուղերով ևս, ուսումնասիրեք նաև գիտությունը.դա անդրադառնում է ներկայացվող արվեստի վրա: Դատարկ մարդը չի կարող արժեքավոր որևէ բան փոխանցել»,-հավելեց երաժիշտը: