ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Մանկավարժական համալսարան» մեդալ՝ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի տնօրենին
26.06.2018
«Մանկավարժական համալսարան» մեդալ՝ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի տնօրենին

ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն այսօր «Մանկավարժական համալսարան» մեդալ հանձնեց Մոսկվայի «Վերածնունդ» հայկական կիրակնօրյա դպրոցի տնօրեն Շողիկ Փահլևանյանին:

«Վերածնունդ» հայկական կիրակնօրյա դպրոցը հիմնադրվել է 1988 թվականին՝ Մոսկվայում Հայաստանի մշտական ներկայացուցչության և հայկական համայնքի նախաձեռնությամբ, Հայաստանի լուսավորության նախարարության աջակցությամբ և Ամենայն Հայոց Կաթողիկոս  Վազգեն Առաջինի օրհնությամբ: 

Դպրոցի առաքելությունն է ուսուցանել հայոց լեզուն և ներկայացնել հայոց հարուստ պատմամշակութային ժառանգությունը:  Հատկանշական է, որ «Վերածնունդ»-ը գործում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանության շենքում՝ Հայկական նրբանցքում, որը նախկինում եղել է Լազարյան ճեմարանի շենքը:

Ռեկտորը շնորհավորեց կրթօջախի հիմնադրման 30-ամյակի առթիվ և բարձր գնահատեց դպրոցի գոյությունը Մոսկվայի հայկական համայնքի կյանքում:

«Գործունեության 3 տասնամյակների ընթացքում դպրոցն ունեցել է բազմաթիվ հաջողություններ և մեծ ներդրում հայաշատ Մոսկվա քաղաքում: Չնայած դպրոցը կիրակնօրյա է, սակայն մեծ է նրա գոյության կարևորությունը, քանի որ կրթօջախում անվճար հիմունքներով գործում են տարիքային տարբեր խմբեր՝ նախադպրոցականից մինչև ավելի ավագ»,-նշեց Ռուբեն Միրզախանյանն ու դպրոցին մաղթեց նոր հաջողություններ ու ձեռքբերումներ:

Շողիկ Փահլևանյանը շնորհակալություն հայտնեց իր 30-ամյա աշխատանքը բարձր գնահատելու համար և խոստացավ շարունակել հայապահպան աշխատանքը՝ հայրենիքից հեռու հայրենիքին մոտիկ պահել հայկական ընտանիքներին:

aspu.am-ի հետ զրույցում դպրոցի տնօրենը խոստովանեց՝ բազմաթիվ պարգևների է արժանացել, բայց սա առանձնանում է իր խորհրդով. այն առաջինն է, որ ստանում է հայրենիքում: 30-ամյա փորձ ունեցող մանկավարժը վստահեցնում է՝ իր համար ամենից բարձր գնահատականը օտար ափերում հայերեն խոսող մանուկն է. «Մեր դպրոցի աշակերտներին հաճախ եմ ասում՝ մինչ դպրոց այցելելն ու հայերեն խոսելը, դուք պարզապես հայ էիք գրվում, իսկ մայրենի լեզվով խոսելով՝ դուք կարծես հայ եք մկրտվում. Դպրոցում հաստատվում և զարգանում է հայ երեխայի ինքնությունը»,-հավելեց Շողիկ Փահլևանյանն ու հույս հայտնեց, որ «Վերածնունդ»-ը կշարունակի նույն պատվով ու նախանձախնդրությամբ իրականացնել հայապահպանության սրբազան գործը, կնշի փառավոր նոր հոբելայններ և իր նպաստը կբերի հայ-ռուսական դարավոր բարեկամության զարգացմանը: