ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժական համալսարանի Խորհրդի նախագահ ընտրվեց Դավիթ Գյուրջինյանը
25.01.2019
Մանկավարժական համալսարանի Խորհրդի նախագահ ընտրվեց Դավիթ Գյուրջինյանը

Կայացավ Մանկավարժական համալսարանի Խորհրդի նիստը:

Օրակարգային առաջին հարցը Խորհրդի նախագահի ընտրությունն էր, որում Խորհրդի անդամներն առաջադրեցին ՀՀ Կրթության և գիտության նախարարության լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը:

Բաց քվեարկությամբ առաջադրված միակ թեկնածու Դավիթ Գյուրջինյանը միաձայն ընտրվեց ՀՊՄՀ-ի Խորհրդի նախագահ: Խորհրդի քարտուղարի պաշտնում, անդամների առաջադրմամբ ընտրվեց ուսանող՝ ՀՊՄՀ-ի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի 1-ին կուրսի մագիստրոս Անժելա Գաբրիելյանը:

Խորհրդի նորընտիր նախագահը շնորհակալություն հայտնեց պատասխանատու պաշտոնում իրեն ընտրելու համար և անդամաներին ներկայացնելով իր կենսագրությունն ու գիտամանկավարժական գործունեությունը՝ հպարտությամբ փաստեց, որ ինքն էլ կրում է Մանկավարժական համալսարանի կնիքը՝ բուհի շրջանավարտն է:

«Տարբեր ձեռնարկումների՝ գիտաժողովների, ավարտական քննություններ նախագահելու շրջանակներում մշտապես կապը պահել եմ հարազատ բուհի հետ: Այն հեղինակավոր համալսարան է, որի Խորհրդի նախագահը լինելու պատիվն ունեմ 39 տարի անց. կփորձեմ «պարտքերս վերադարձնել»»,-նշեց Դավիթ Գյուրջինյանն ու հույս հայտնեց, որ Խորհրդի նիստերը, ինչպես նաև բուհի ուսանողների, դասախոսների, ղեկավար կազմի հետ հանդիպումները կլինեն պարբերական՝ համալասարանի առաքելությունը լավագույնս իրագործելու համար:

Խորհրդի նախագահի վերաբերյալ կարծիքներ ներկայացրին նրա տարբեր տարիների գործընկերները, որոնցում բարձր գնահատվեց Դավիթ Գյուրջինյանի գիտական, մանկավարժական գործունեությունը, ինչպես նաև մեծագույն ավանդը ոչ միայն բառակազմական իմաստաբանության, այլև հանրակրթության ոլորտի մի շարք մտահոգիչ հարցերում: «Դավիթ Գյուրջինյանի ներկայությունն ու դերակատարությունը այս կարևոր կառույցում լիովին համապատասխանում է բուհի բարի համբավին ու առաքելությանը»,-նշեց Խորհրդի անդամ, ՀՊՄՀ-ի Հեռուստառադիոլրագրության ամբիոնի վարիչ Լևոն Գալստյանը:

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ևս շնորհավորեց Խորհրդի նորընտիր նախագահ Դավիթ Գյուրջինյանին և վստահեցրեց, որ մեծ պատիվ է նրան՝ մեծանուն գիտնականին և բուհի շրջանավարտին, տեսնել այդ կարևոր ու պատասխանտու պաշտոնում: Ռեկտորը ևս մեկ անգամ փաստեց՝ Դավիթ Գյուրջինյանն իր գործընկերների շրջանում վայելում է բարձր հեղինակություն և հույս հայտնեց, որ համատեղ աշխատանքի արդյունքում կունենան առավել շոշափելի ձեռքբերումներ:

Խորհրդի անդամները դիտեցին 2018 թվականին բուհում կատարված աշխատանքների մասին պատմող տեսաֆիլմ, ապա ՀՊՄՀ-ի ռեկտորը կատարված աշխատանքներին անդրադարձավ ուսանողների, շրջանավարտների թվի, եկամուտների ու ծախսերի համեմատության տեսանկյունից:

Ուսման վարձերի, դասախոսների ծանրաբեռնվածության վերանայում, աշխատակիցներին բժշկական ապահովագրություն, միջազգային համագործակցության ընդլայնում, ֆինանսական խնայողություններ և այլն. ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն այս և այլ հարցերի կողքին անդրադարձավ նաև արտասահմանյան ներդրումների միջոցով մասնաշենքերի վերակառուցման, նորոգման աշխատանքներին՝ հույս հայտնելով, որ դա կնպաստի նաև օտարերկրյա դիմորդներին հանրակացարանով ապահովելու կարևորագույն խնդրին:

Խորհրդի անդամները, որոնք նախապես ծանոթացել էին 2018-ի հաշվետվությանը, բուհի ռեկտորին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը: Մասնավորապես, ՀՀ ԿԳ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը հետաքրքվեց միջազգային համագործակցության արդյունքներով, ինչին ի պատասխան ռեկտորը ներկայացրեց գիտական մի շարք ձեռքբերումները հատկապես միջազգային գիտաչափական շտեմարանում «Իմաստություն» հանդեսի ընդգրկվելուց մինչև Օուլուի համալսարանի հետ համագործակցության արդյունքում ուսումնական ծրագրերի վերանայում:

Խորհրդի անդամներին հետաքրքում էր նաև շրջանավարտների՝ դպրոցներում թափուր աշխատատեղերի զբաղեցման գործում բուհի կողմից տարվող աշխատանքները, պրակտիկայի վերանայման և նոր մոդելի մշակման հարցը, որ այն չկրի ձևական բնույթ և ունենա լուրջ դերակատարություն ապագա մանկավարժի կրթության գործում:

Եղան հարցեր նաև հեռակա կրթության կազմակերպման, ուսման վարձավճարների բարձրացման, դրանց ռիսկերի և օտարերկրյա դիմորդներ ներգրավելու գործում բուհի կողմից տարվող աշխատանքների մասին: Ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը Խորհրդի անդամներին վստահեցրեց՝ բարձրացումը կատարվել է բացառապես լուրջ ուսումնասիրությունների արդյունքում, հատկապես, որ Մանկավարժական համալսարանում ուսման վարձերը չէին բարձրացվել վերջին 8 տարիների ընթացքում: Անդրադառնալով օտարերկրյա դիմորդների ներգրավման ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ ռեկտորն ընդգծեց, որ այդ ուղղությամբ խնդիրները շատ են, բայց փորձ է արվում քայլ առ քայլ հասնել նաև դրան՝ սկսելով ուսումնական ծրագրերի թարգմանումից:

Խորհրդի անդամները համամիտ են՝ մանկավարժության ոլորտում անելիքները շատ են, և ցանկություն հայտնեցին նիստերն ու հանդիպումները դարձնել պարբերական՝ քննարկելու լավ աշակերտ, լավ ուսուցիչ ունենալու պետական կարևորագույն խնդրի շուրջ անելիքները:

Նիստի ավարտին մանկավարժական համալսարանի Խորհուրդը 2018-ին կատարված աշխատանքները գնահատեց բավարար, ինչպես նաև հաստատեց համալսարանի 2019-ի եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը։