ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժական համալսարանն 95 տարեկան է
07.11.2017
Մանկավարժական համալսարանն 95 տարեկան է

Հայ Մեծ Լուսավորիչ և մանկավարժ Խաչատուր Աբովյանի անունը կրող մանկավարժական համալսարանն այսօր նշում է հիմնադրման 95-ամյակը:

Հիմնադրման օրից համալսարանը կարևոր դերակատարություն է ունեցել հասարակության կրթության և դաստիարակության գործում՝ կրթելով կիրթ, բանիմաց և կայուն գիտելիքներով զինված մանկավարժների հերթափոխ:

Շուրջ մեկդարյա պատմություն ունեցող Մանկավարժական համալսարանը հանդիսանում է բարձրագույն կրթության ոլորտի այն առաջատարը, որն իրականացնում է անմնացորդ նվիրումի խորհրդանիշ հանդիսացող մասնագիտության՝ ուսուցիչների պատրաստման կարևորագույն ու վեհ առաքելությունը:

Գործունեության ողջ ընթացքում բուհն անմասն չի մնացել գիտության վերջին նվաճումներից, սահմանել է մանկավարժագիտության նոր սկզբունքներ՝ զարգացած երկրների կրթական փորձը համադրելով ավանդական մոտեցումներին:

Համալսարանն այսօր էլ հաստատուն քայլերով առաջ է ընթանում, իր առջև դնում նոր խնդիրներ ու նպատակներ՝ բուհի պատմության մեջ ամրագրելով գիտնականների նոր անուններ ու ձեռքբերումներ:

Կրթօջախի շեմից ոտք դնող ուսանողն արդենիսկ վստահ է ու համոզված՝ մանկավարժի մասնագիտությունը սահմաններ չունի ժամանակի մեջ. այն եղել է, կա և կմնա բոլոր ժամանակների՝ ակնածանքի և մեծարման արժանի մասնագիտություն:

Մանկավարժական համալսարանի 95-ամյակի առթիվ ստացվում են բազմաթիվ շնորհավորանքներ բուհի գործընկեր համալսարաններից, որոնցում ընդգծվում է համալսարանի անցած մեծ ու դժվարին, բայցև փառահեղ ճանապարհը: Գործընկերները բարձր են գնահատում, որ հազարավոր շրջանավարտներ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր բուհում ստացած գիտելիքները ծառայեցնում են երկրում և նրա սահմաններից դուրս կրթության զարգացմանը, նպաստում, որ մանկավարժագիտությունն ունենա նոր նվաճումներ: