ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժական համալսարանը վերահավատարմագրվում է
20.05.2019
Մանկավարժական համալսարանը վերահավատարմագրվում է

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը երրորդ անգամ ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում։ Այդ շրջանակներում այսօր մեկնարկել է փորձագիտական խմբի այցը բուհ:

Մայիսի 20-24-ը Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) փորձագիտական խումբը համալսարանում գնահատում կիրականացնի 10 չափանիշներով, կդիտարկի  նախորդ հավատարմագրումից ի վեր բուհի առաջընթացը  և բարելավման ծրագրի  իրագործումը։

Այդ նպատակով փորձագետները  հանդիպումներ  կունենան  բուհի Խորհրդի, ռեկտորի, պրոռեկտորների, դեկանների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, որակի ապահովման մասնագետների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների ու շրջանավարտների, գործատուների հետ։ Խումբը կիրականացնի  փաստաթղթերի ուսումնասիրություն, ռեսուրսների դիտարկում,  դասալսումներ, ինչպես նաև  կդիտարկի ուսանողի գնահատումը։

ՀՊՄՀ-ում արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի ղեկավարն է ԵՊԼՀ Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինե Սողիկյանը:

Խմբի մյուս անդամներն են Նիդեռլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման կազմակերպության (NVAO) քաղաքականության հարցերով ավագ խորհրդական, կենսաբանական գիտությունների թեկնածու Փիթեր Քարիսը, ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ-վարչության պետի տեղակալ, ֆիզ․ մաթ․ գիտությունների թեկնածու Գագիկ Քթրյանը, ԵՊՀ Անձի հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարինե Խաչատրյանը, ԵՊՀ ուսանող Սրբուհի Միչիկյանը։

Գործընթացը համակարգում է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի մասնագետ Անի Մկրտչյանը։

Նշենք, որ ՀՊՄՀ-ն 4 տարի ժամկետով ինստիտուցիոնալ հավատարմագրում էր ստացել 2015-ին: