ՀՊՄՀ-ում կայացավ բուհի նախկին պրոռեկտոր, երջանկահիշատակ Անատոլի Սահակյանի՝ «Մանկավարժական մտքի պատմություն» ուսումնական ձեռնարկի շնորհանդեսը։
Ձեռնարկը նախ և առաջ ուշագրավ է կրթության և մանկավարժական մտքի ձևավորման պատմական օրինաչափությունների ներկայացմամբ, մանկավարժական մտքի հայտնի անհատականություններին, մանկավարժության բնագավառում վերջիններիս հայացքներին ու դերին անդրադարձով։
Անատոլի Սահակյանը հանգամանորեն ներկայացրել է դաստիարակության խնդիրները անտիկ շրջանում, միջնադարյան դպրոցն ու մանկավարժական միտքը միջնադարում, Վերածննդի դարաշրջանում, այնուհետև նրա հայացքի ու գրչի ներքո հայտնվել են նոր և նորագույն շրջանի հայ դպրոցն ու մանկավարժական մտքի դրսևորումները։
ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանն անդրադարձավ Անատոլի Սահակյանի անհատականությանը, հոգեկերտվածքի յուրահատկություններին, նրա սոցիալական պատմությանը․«Այն հիմնարար գծերից մեկը, որ կարող եմ նշել, նրա անսահման բարությունն էր, որն ամբողջ գործունեության ընթացքում կարմիր գծով անցնում էր»,-ասաց ռեկտորը։ Նա անդրադառնալով նախաձեռնության մյուս կողմին՝ Անատոլի Սահակյանի գրքերի նվիրատվությանը բուհի ընթերցասրահին։ Վստահ է՝ այն նպաստելու է համալսարանի ուսանողների, մանկավարժության բովանդակության, պատմության և գործառույթների, և ժամանակակից կրթական ոլորտում զարգացնելուն և վերաիմաստավորելուն։
ՀՊՄՀ դոցենտ Իզաբելլա Բաբայանն արժևորեց Անատոլի Սահակյանի գրքերը․ «Անհրաժեշտաբար և ճիշտ ժամանակին՝ 2005-ին ծնվեց «Մանկավարժություն» ձեռնարկը՝ տեսության հարցերին նվիրված ամբողջական ձեռնարկ, որը դարձավ ուսանողների սեղանի գիրք։ Մանկավարժության պատմության տարբեր գրքեր կան, բայց 2010-ին տպագրված «Մանկավարժական մտքի պատմություն» գիրքը մյուսներից առանձնանում է նրանով, որ նորովի ներկայացնում է նաև իր ժամանակակից գիտնական մանկավարժներին»։
Բանախոսը շեշտեց՝ առաջինն Անատոլի Սահակյանն էր, որ հայերեն ներկայացրեց հայ ուսուցչի գիրքը։
ՀՊՄՀ նախկին ռեկտոր Արտյուշա Ղուկասյանը նախաձեռնությունը համարեց եզակի իր բովանդակությամբ։ Միաժամանակ ընդգծեց՝ Մանկավարժականի դասախոսները մշտապես առանձնացել են իրենց ստեղծած գրքերով, դասագրքերով, հասկանալով՝ մանկավարժական մտքի պատասխանատուն Մանկավարժական համալսարանն է, ուր բոլոր բարեփոխումների առումներով բուհը կարևոր լուծումներ կգտնի։
Անատոլի Սահակյանի մասին հուշեր պատմեցին գործընկերները՝ բարձր գնահատելով նրա աշխատանքային ջիղը, նվիրվածությունը, համալսարանում կերտած կարևոր պատմությունը։
Անատոլի Սահակյանի ավագ դուստրը՝ Նարինե Սահակյանը, որը ղեկավարում է Առաջին բուժօգնության և ֆիզիոլոգիայի ամբիոնը, շնորհակալություն հայտնեց բուհի ղեկավարությանը, հավատարիմ ընկերներին՝ տիպիկ, բնութագրական ելույթների ու խոսքերի, նրա տեսակը ընկալելու համար։
«Հայրս իր օրինակով նախ և առաջ մեզ սովորեցնում էր մարդ լինել, ապրել արժանապատիվ, կրել պատասխանատվություն սեփական աշխատանքի, ընտանիքի նկատմամբ, սիրել ծնողներին և հարազատներին, հավատարիմ մնալ ընկերներին։ Նա կյանքը ճանաչում էր բոլոր կողմերով, առանց բացառության, և այս տեսակետից ուսուցիչ էր մեզ համար։ Նա օրինակելի էր գերդաստանում, ծնողապաշտ էր, ընտանիքն էր նրա սրբությունը, և ես շնորհակալ եմ այդ ամենի համար»։
Նշենք, որ Անատոլի Սահակյանի ընտանիքը բուհի ընթերցասրահին է նվիրել 64 մանկավարժական ձեռնարկ, որոնք կհամալրեն համալսարանի գրադարանը՝ որպես ուսանողների սեղանի ամենօրյա դասագիրք։