ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մեկնարկել է մանկավարժական օլիմպիադան
27.03.2019
Մեկնարկել է մանկավարժական օլիմպիադան

Մարտի 27-ին Մանկավարժական համալսարանում մեկնարկեց ՀՊՄՀ-ի Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի նախաձեռնած ամենամյա օլիմպիադան:

Այս անգամ օլիմպիադային մասնակցում էր ոչ միայն բուհի բակալավրիատի և մագիստրատուրայի 81 ուսանող, այլև Երևանի համար 189, Վայքի, Լեռնանիստի, ՀՊՄՀ-ի հենակետային ավագ դպրոցների 54 աշակերտ:

Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աիդա Թոփուզյանը ներկայացրեց օլիմպիադայի անցկացման փուլերի հաջորդականությանն ուղղված հիմնական նպատակները. այն է՝ նպաստել ուսուցչի մասնագիտության հանդեպ աշակերտների հետաքրքրության առաջացմանը, բակալավրիատի ուսանողների՝ մանկավարժական մտածելակերպի ձևավորմանը, դպրոցական մանկավարժության, ընտանեկան դաստիարակության, տեսական և գործնական մանկավարժության զարգացմանը, իսկ մագիստրոսների շրջանում՝ կիրառական մանկավարժության զարգացմանը:

Ուսանողների համար օլիմպիադայի հարցերում ընդգրկվել էին մանկավարժական իրավիճակների, հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիների տարբերակներ, առաջադրումներ, մանկավարժական «քարոզներ»:

ՀՊՄՀ-ի պրոռեկտոր, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը բուհի ղեկավարության անունից շնորհավորեց մասնակիցներին և նշեց. « Սա մի հարթակ է, ուր աշակերտ-ուսանող-դասախոս եռամիասնության համատեղ աշխատանքը միտված է ուսուցչի աշխատանքի արժևորմանը, նոր ուղիների որոնմանը, և դպրոցը այն դարբնոցն է, որտեղ տեղի ունեցող գործընթացները շղթայական կապի մեջ են համալսարանի հետ»:

Պրոռեկտորը հաջողություն մաղթեց բոլորին և հույս հայտնեց, որ նման երկխոսությունն արդյունավետ կլինի այնքանով, որ միգուցե շատերին կօգնի հենց այս բուհում գտնել իրենց մասնագիտական կարիերայի տեսլականը:

Ամփոփելով մանկավարժական օլիմպիադայի մեկնարկը՝ Աիդա Թոփուզյանը հիշեցրեց, որ օլիմպիադայի նպատակը ոչ թե հաղթելն է, այլ մասնակցելը: Ի վերջո, յուրաքանչյուրը նոր խոսք ասելով, նոր մեթոդներ կիրառելով՝ որոնում են նոր ուսուցչի մոդելը, որի ձևավորմանն է ուղղված նաև այս նախաձեռնությունը:

Օլիմպիադայի մեկնարկը նշանավորվեց նաև համար 104 հիմնական դպրոցի աշակերտների բեմադրությամբ. մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակի շրջանակներում դպրոցի սաները ներկայացրին «Անբան Հուռին», իսկ երաժշտական կատարմամբ հանդես եկավ նույն դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի Անուշիկ Ավետիսյանը:

Օլիմպիադայի առաջին փուլը մեկնարկեց տարբեր լսարաններում: Ավարտին մասնակիցները կստանան հավաստագրեր, իսկ յուրաքանչյուր փուլում առաջին երեք մրցանակային տեղերն զբաղեցրած հաղթողները կարժանանան դիպլոմների և պարգևների: