ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականի շրջանավարտները՝ մրցանակակիրներ
07.11.2019
Մանկավարժականի շրջանավարտները՝ մրցանակակիրներ

Երևանի Ա. Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ «Սինոփսիս Արմենիա»–ի 15-ամյակին նվիրված միջոցառում, որտեղ նաև պարգևատրվեցին 2019-ին ՏՏ ոլորտի մի խումբ լավագույն աշակերտներ և ուսանողներ:

ՏՏ ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական կրթական մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությանը «Գլխավոր մրցանակ», «Լավագույն ասպիրանտ», «Լավագույն մագիստրոս», «Լավագույն բակալավր», «Լավագույն սփյուռքահայ ուսանող» և «Լավագույն աշակերտ» անվանակարգերում հաղթող ճանաչված 47 մրցանակակիրներին մրցանակները հանձնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը շնորհավորեց մրցանակակիրներին և ընդգծեց, որ «առաջընթացի համար ամենակարևոր պայմանը գիտելիքի նկատմամբ պահանջարկի ձևավորումն է» :

«Լավագույն բակալավր» անվանակարգում հաղթող են ճանաչվել նաև մեր բուհի Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի ինֆորմատիկայի մասնագիտացմամբ բակալավրիատի 2019-ի շրջանավարտներ Արշակ Ամիրջանյանն ու Հարություն Թորոսյանը:

Մեզ հետ հեռախոսազրույցում Հարությունը նկատեց, որ Մանկավարժական համալսարանում ստացած գիտելիքներին ավելացրել է իր աշխատասիրությունը և արդյունքում ապահովել այն մակարդակը, որ արժանացել է ՏՏ ոլորտի հեղինակավոր մրցանակին:

Հարությունը մյուս բոլոր աշակերտների և ուսանողների նման ստացել է դրամական պարգև, մրցույթը խորհրդանշող գավաթ և հավաստագիր: Սա դեռ հաջողությունների սկիզբն է: Հարությունն առայժմ աշխատում է, հետագայում ուսումը շարունակելու է Մանկավարժական համալսարանի մագիստրատուրայում:

Մյուս մրցանակակիր Արշակ Ամիրջանյանը ծառայում է ՀՀ Զինված ուժերում:

Շնորհավորում ենք մեր համալսարանի շրջանավարտներին և մաղթում նորանոր ձեռքբերումներ: