«Կույսի համաստեղություն» խորագիրն է կրում Կուլտուրայի ֆակուլտետի Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության ամբիոնի դոցենտ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սևադայի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը։ «Էմալե պրոֆիլը Ձեր», «Վերջին գիշեր», «Իդիլիա», «Լույսի առեղծվածը», «Կապույտ աղջիկ» և այլն․Մանկավարժական համալսարանում ներկայացված է արվեստագետի՝ պատկերային հետաքրքիր համադրություններով հարուստ վերջին շրջանում ստեղծած 25 աշխատանք՝ բնանկար, դիմանկար, նատյուրմորտ։
Ցուցահանդեսին ներկա էին բուհի ղեկավար և դասախոսական կազմը, ուսանողներ, հյուրեր, Սամվել Սևադայի արվեստի երկրպագուներ։
ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը նկատեց՝ արվեստագետն առավել հայտնի է իր լուսանկարչական աշխատանքներով: Այսօրվա ցուցահանդեսը, սակայն, բացահայտում է նրա ստեղծագործական տաղանդի մեկ այլ կողմ, որը Սամվել Սևադան կարողացել է փոխանցել իր՝ օբյեկտիվ իրականությունն արտացոլելու գործընթացում։
Ռեկտորը շնորհակալություն հայտնեց գեղանկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ Սամվել Սևադային, որն իր հարուստ ստեղծագործական գործունեությամբ և առաքելությամբ ապահովում է ապրումային հոգեվիճակ, արտացոլում իրականությունը, ստիպում ճանաչել, հարգել, սիրել և սերունդներին փոխանցել իր տաղանդը։ Սրբուհի Գևորգյանը չթաքցրեց՝ երկու օր շարունակ շրջել է ցուցասրահում, ծանոթացել ներկայացված աշխատանքներին, ստացել ջերմության տրամադրություն, գույնի, արժեբանության, ընկալման հոմոգենության, իրականությունը մերժելու, ոգեշնչելու, արվեստագետի հնարավորություններին։
Դեկան Գևորգ Թադևոսյանը նկատում է՝ Կուլտուրայի ֆակուլտետը մշտապես առանձնացել է տաղանդաշատ ստեղծագործողներով․այդ վարպետներից մեկն էլ, ըստ նրան, Սամվել Սևադան է։
Արվեստագետը, որը 60 տարի առաջ ապրել ու կրթվել է Մանկավարժականում, խոստովանում է՝ այստեղ է առաջին անգամ սիրահարվել, ձևավորվել որպես մասնագետ։ Այսօր էլ ջերմությամբ ու հուզմունքով է վերապրում անցյալի հիշողությունները։ Պատահականություն չի համարում, որ գեղանկարներում գլխավոր հերոսները հենց կանայք են․ասում է՝ նրանց մեկամսյակն անվերջանալի է։ Սամվել Սևադան նշում է՝ ցանկացած ցուցահանդեսին մեծ պատասխանատվությամբ է պատրաստվում, որ ուսանողները տեսնեն, սովորեն։ Նրանց հետ միակ կռիվը, ասում է, որ մոտ լինեն արվեստին։
Ցուցահանդեսին ներկա էր նաև «Շիրակ» հայրենակցական միության նախագահ Վարազդատ Հարությունյանը․ կառույցի նախագահության անդամ է նաև Սամվել Սևադան։ Միության ղեկավարը նկատում է՝ Շիրակ աշխարհը հարուստ է արվեստագետ գործիչներով․Սամվել Սևադան այդ ավանդույթների պայծառ շարունակողն է և գնահատանքի արժանի հայ մարդ․«Նրա ակունքները Շիրակ աշխարհում են, բայց ուր էլ տարել են նրան կյանքի ուղիները, ամենուր խոր ու անջնջելի հետք է թողել։ Բոլոր ուղղություններով նա առանձնահատուկ տաղանդ է դրսևորում․ դա լուսանկարչությունն է, որը սուր աչք է պահանջում, դա բանաստեղծությունն է իր խորություններով, իսկ դիմագրքում նա ներկայացնում է հայ ժողովրդին, իր կենսակերպը, իր վերաբերմունքը այսօրվա իրականությանը»։
Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր Համլետ Միքայելյանն էլ Սամվել Սևադային բնութագրեց որպես հայ հասարակության կյանքում լուրջ երևույթ՝ իր ստեղծագործական ողջ գունապնակով։