ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում է իտալացի պրոֆեսորը
09.10.2015
Մանկավարժականում է իտալացի պրոֆեսորը

Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի մագիստրոսներին մեկ շաբաթ հյուրընկալվել է Իտալիայի Պադովայի համալսարանի պրոֆեսոր Մարկո Բազզան, ով ՀՊՄՀ-ի և Պադովայի համալսարանների միջև կնքված համաձայնագրի ու փախանակման ծրագրի շրջանակներում հանդես է գալիս դասախոսություններով:

Երիտասարդ գիտնականը դասախոսությունների շարքում ապագա ֆիզիկներին է ներկայացրել «Ռենտգենյան ճառագայթի դիֆրակցիան և անդրադարձումը, դրա կիրառումը ժամանակակից բյուրեղների հետազոտության բնագավառում» թեման, որի շուրջ դասախոսությանը ներկա մագիստրոսներից մի քանիսը գրելու են ավարտական թեզեր:

«Ես հիացած եմ հայ ուսանողների՝ նոր գիտելիքներ ձեռքբերելու և ինտերակտիվ մեթոդներ սովորելու ցանկությամբ. դասախոսության պարտադիր մաս է կազմում նաև տեսականը պրակտիկորեն կիրառելը, ինչը նրանք անում են մեծ սիրով»,-նշում է առաջին անգամ Հայաստան այցելած, նրա պատմությամբ և գեղեցկությամբ հիացած Մարկո Բազան և խոստանում, որ կրկին կայցելի:

Տեսական ֆիզիկայի և ֆիզիկայի ուսուցման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Էդվարդ Կոկանյանը aspu.am-ի հետ զրույցում կարևորեց նման դասախոսությունների անցկացումը մի քանի տեսանկյունից՝ շփում ոլորտի ժամանակակից ներկայացուցիչների հետ, տեսական գիտելիքների հարստացում, ծանոթություն նորագույն հմտություններին, ինչպես նաև օտար լեզվի իմացության զարգացում, ինչը կարևորագույն գործոն է Մանկավարժական համալսարանի միջազգայնացման ճանապարհին

Ուսանողները ևս ոգևորված են. դասախոսությունները հետաքրքիր են, արդյունավետ, հնարավորություն են տալիս հաղթահարել լեզվական անջրպեդն ու ֆիզիկան դարձնել առավել հետաքրքիր: Հրավիրյալ դասախոսությունների վերաբերյալ ուսանողները միակարծիք են՝ մագիստրատուրայում հնարավորինս շատ առարկաների գծով կազմակերպել օտարալեզու դասախոսություններ: