ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում է լեհ դոկտորը
30.05.2023
Մանկավարժականում է լեհ դոկտորը

Մայիսի 29-ից հունիսի 2-ը Էրազմուս+ ծրագրի շրջանակներում Մանկավարժական համալսարանում է հյուրընկալվել Լեհաստանի Վրոցլավի համալսարանի Եվրոպական կրթության ֆակուլտետի դոկտոր Յակուբ Բոռնիոն։

Նա Պատմության և հասարակագիտության ֆակուլտետում հանդես եկավ «Հարավային Կովկասը Լեհաստանի` արևելյան քաղաքականության մեջ» թեմայով դասախոսությամբ։

Բանախոսը ներկայացրեց Լեհաստանը, երկրի որդեգրած հիմնական սկզբունքները, այդ թվում՝ Եվրամիության արտաքին քաղաքականության համատեքստում, անդրադարձավ անվտանգային հարցերին, հայ-լեհական բազմադարյա կապին։

Յակուբ Բոռնիոն առաջին անգամ է Հայաստանում և խոստովանում է՝ չափազանց տպավորված է հայերի ընդունելությամբ, հայկական մշակույթով։ Բուհի դասախոսական կազմի հետ հանդիպումների ընթացքում հասցրել է նաև մի քանի հայերեն բառ սովորել, ծանոթանալ մեր երկրի պատմությանը։

Լեհ դոկտորը կարծում է, որ երկու ժողովուրդները մի շարք ընդհանրություններ ունեն, ինչը թույլ է տալիս խորացնել հազարամյա բարեկամական կապը։

Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը կարևորեց Յակուբ Բոռնիոյի այցը Մանկավարժական․լինելով անվտանգային հարցերի մասնագետ՝ այս բախտորոշ ժամանակներում արդիական է նաև դասախոսության թեման։

Ֆակուլտետի դեկանի դիտարկմամբ՝ չափազանց կարևոր է մեզ հետաքրքրող հարցերին գիտական այլ դիտանկյունից նայել, լսել սյլ կարծիքներ։

Էդգար Հովհաննիսյանը նշեց, որ առաջիկայում դասախոսական կազմի հետ նախատեսված են այլ հանդիպումներ ևս․կքննարկվեն Եվրամիության, արտաքին քաղաքականության, տարածաշրջանի, էթնիկ կոնֆլիկտների վերաբերյալ հարցեր․«Նախօրեին կայացած աշխատանքային հանդիպումը թույլ է տալիս վստահորեն ասել՝ երկուստեք պատրաստակամ ենք խորացնել բուհերի միջև միջազգային համագործակցությունը»։

Նշենք, որ Լեհաստանի Վրոսլավի համալսարանի Եվրոպական կրթության ֆակուլտետի դոկտոր Յակուբ Բոռնիոն հարյուրամյա մանկավարժական մայր բուհի պատմությանը, ժամանակագրությանը ծանոթացել է ՀՊՄՀ թանգարան, Գիտական գրադարան շրջայցի ընթացքում։ Լեհ դոկտորին նաև չափազանց տպավորել է բուհի Առաջին համալսարանական ռադիոն։