ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում էին ապագա ծրագրավորողները
26.02.2020
Մանկավարժականում էին ապագա ծրագրավորողները

ՀՊՄՀ-ի Ինֆորմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի նախաձեռնությամբ ապագա ծրագրավորողների համար կազմակերպվել էր վարպետաց դաս:

Երևանի Լեոյի անվան համար 65 ավագ դպրոցի ՏՀՏ և ծրագրավորում հոսքի 11-12-րդ դասարանների աշակերտների հետ հանդիպմանը ամբիոնի դասախոսները խոսեցին մասնագիտական մի շարք հարցերի շուրջ` ծրագրավորման ամենից հաճախ կիրառվող լեզուներից մինչև կայքերի պատրաստում և այլն:

Ներկայիս ամենապահանջված մասնագիտության կարևորության և անհրաժեշտության մասին խոսելիս` դասախոսները վստահեցրին, որ ծրագրավորողների հաջողության գրավականը լուրջ գիտելիքներով հարուստ հիմքն է:

Նրանք հորդորեցին անընդհատ փոփոխվող ու զարգացող աշխարհում պատրաստ լինել աշխատաշուկայի նոր պահանջներին, շարունակ կատարելագործվել և զինվել գիտելիքներով: Ամբիոնի դասախոսները հավելեցին նաև, որ բուհի ուսանողներն ունեն հնարավորություն սովորելուն զուգահեռ աշխատել երկրի առաջատար կազմակերպություններում:

Հանդիպման ընթացքում աշակերտները դիտեցին Մանկավարժական համալսարանի ինֆորմատիկ-շրջանավարտների մասնակցությամբ տեսանյութ, ուր ներկայացվում էր նրանց հաջողված փորձը: