ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում էին Բրիտանական խորհրդի պատվիրակները
01.03.2024
Մանկավարժականում էին Բրիտանական խորհրդի պատվիրակները

Մանկավարժական համալսարանում էր Բրիտանական խորհրդի պատվիրակությունը՝ Խորհրդի հայկական գրասենյակի տնօրեն Ադդե Հովասափյանի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում էին նաև Բրիտանական խորհրդի Անգլերեն գլոբալ ծրագրերի ղեկավար Մայքլ Քոնոլը, անգլալեզու ծրագրերի եվրոպական գծով պատասխանատու Կասպր Մեյսը, Եվրոպայի տարածքում կրթական կենտրոնների նախագծերի կառավարիչ Տատյանա Սլիևպչևիչը։

ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանի, Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանի և Ռոմանագերմանական լեզուների և դրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Գոհար Մելիքյանի հետ հանդիպմանը կողմերը երկուստեք կարևորեցին կառույցների երկարամյա համագործակցությունն ու անդրադարձան գործող ծրագրերին։

Նրանք ընդգծեցին տասը և ավելի տարի տևողությամբ անգլերենի դասավանդման, անգլերենի և անգլիական մշակույթի տարածմանն ուղղված ծրագրերի կարևորությունը, ապա անդրադարձան ներառականության խթանման տարբեր նախագծերին։

ՀՊՄՀ պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը նշեց, որ բուհը բարձր է գնահատում Բրիտանական խորհրդի հետ համագործակցությունը, ինչը բացառիկ հնարավորություն է կապ հաստատել ուսանող մանկավարժ-գործող մանկավարժ-փորձագիտական խումբ համայնքների միջև։

«Բրիտանական խորհուրդը ոչ միայն հարթակ է տրամադրում, այլև գործիքակազմ, օրինակ, չափելիությունն ապահովելու, շփման ձևաչափը հստակեցնելու համար»,-նշեց պրոռեկտորն ու ընդգծեց, որ մանկավարժական համայնքին բուհի առաջարկած գործիքակազմի կարևորագույն բաղադրիչներից մեկն էլ Բրիտանական խորհրդի միջոցով ձեռք բերված ու մշակված գործիքներն են։

Հավելենք, որ Մանկավարժական համալսարանը համագործակցում է Բրիտանական խորհրդի հետ նախապատրաստական դասընթացների, ուսուցիչների վերապատրաստումների կազմակերպման ուղղությամբ, ինչպես նաև տարաբնույթ կարճաժամկետ և երկարաժամկետ տարբեր դասընթացների շրջանակներում։ Ներկայումս ՀՊՄՀ Օտար լեզուների ֆակուլտետի բակալավրիատի 3-4-րդ և մագիստրատուրայի 1-2-րդ կուրսերում կամընտրական առարկաների շրջանակում որպես պարտադիր առարկա ներառված է Բրիտանական խորհրդի պաշտոնական դասընթացը՝ OTC: Այն ուսուցիչների առցանց համայնք է՝ ուղղորդված խորհրդատվական դասընթացներ, որոնք օգնում են յուրաքանչյուր կրթամասի/մոդուլի/ շրջանակներում անդրադառնալ շատ կարևոր խնդիրների՝ գնահատմանը, այլընտրանքային դասավանդման մեթոդներին, գնահատում և ռեֆլեքսիա, հոգեբանական մթնոլորտ և դասարանի կառավարում․ յուրաքանչյուր մոդուլի շրջանակում դրանք բացատրվում են ստեղծագործական տեսանկյունից։

Բրիտանական խորհրդի հայկական գրասենյակի տնօրեն Ադե Հովասափյանը ողջունեց Մանկավարժականի՝ ապագա ուսուցիչների համար նման դասընթաց առաջարկելու նախաձեռնությունը։

Ի դեպ, Մանկավարժական համալսարանը միակն է Հայաստանում, որ դասընթացն առաջարկել և անցկացնում է ապագա մանկավարժների համար, այնինչ ծրագիրը ուսուցիչների համար է։

«Արդեն ավելի քան մեկ կիսամյակ ուսանողները մասնակցում են դասընթացին, և արդյունքը նկատելի է։ Մանկավարժական համալսարանը դառնում է կամուրջ, որ ապագա մանկավարժը և գործող ուսուցիչները ներգրավվեն բրիտանական խորհրդի համաշխարհային ցանցում։ Խորհրդի թույլտվությամբ՝ այդ նյութերն ու գործիքակազմը կիրառվում են բուհում օտար լեզուների ուսուցիչների վերապատրաստման ընթացքում»,-aspu.am-ի հետ զրույցում նշեց Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանն ու հավելեց, որ ուսանողները մեծ ոգևորությամբ են մասնակցում դասընթացներին։

Բրիտանական խորհրդի Եվրոպայի տարածքում կրթական կենտրոնների նախագծերի կառավարիչ Տատյանա Սլիևպչևիչը նշեց, որ ունեցել են նաև հետադարձ կապի հնարավորություն և հիացած են ՀՊՄՀ ուսանողներով։

Հանդիպման ընթացքում Բրիտանական խորհրդի գործընկերները ևս մեկ անգամ իրենց պատրաստակամությունը հայտնեցին ընդլայնել բուհի հետ համագործակցությունը և իրագործել նոր ծրագրեր։ Պատվիրակության անդամները վստահեցրին, որ փորձագիտական խումբը պատրաստ է Մանկավարժական համալսարանի համար բացել բոլոր շտեմարաններն ու տրամադրել նոր գործիքներ։

Հավելենք նաև, որ կողմերն անդրադարձան ներառական կրթության շրջանակներում համագործակցելու ծրագրին․ Տատյանա Սլիևպչևիչը նշեց, որ ուրախ կլինեն Մանկավարժականի հետ կիսվել ներառականություն-արվեստ, ներառականություն-անգլերենի դասավանդում ուղղությամբ իրենց նորամուծություններով։