ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում էին Դի-Վի-Վի Ինթերնեյշնլի ներկայացուցիչները
19.01.2023
Մանկավարժականում էին Դի-Վի-Վի Ինթերնեյշնլի ներկայացուցիչները

Այսօր Մանկավարժական համալսարանում հյուրընկալվել էին Դի-Վի-Վի ինթերնեյշնլի Կովկասի և Հարավարևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Թոմաս Լիխտենբերգը, հայաստանյան գրասենյակի տնօրեն Էսթեր Հակոբյանն ու ծրագրի համակարգող Միշա Թադևոսյանը։

Հանդիպմանը ներկա էին ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության, Ուսումնագիտական գծով պրոռեկտորներ Մարիաննա Հարությունյանը, Մարիամ Իսպիրյանն ու դոցենտ Լուսինե Պողոսյանը։

Տարածաշրջանի նորանշանակ տնօրեն Թոմաս Լիխտենբերգն առաջին անգամ է Հայաստանում․ մեր երկիր կատարած այցի շրջանակներում կարևորել է գործընկերների հետ հանդիպումը, որոնց շարքում առաջնային դեր ունի Մանկավարժականը։

«Կրթության ապագա հեռանկարները․ միջազգային և ազգային միտումներ» խորագրով ինտերակտիվ քննարկում, բուհի դասախոսների մասնակցություն «Մեծահասակների ուսումնառության և կրթության հիմունքներ. դասավանդման մեթոդաբանություն» 12-շաբաթյա դասընթացին, վերապատրաստումներ՝ «Մեդիագրագիտություն մեծահասակների համար» ծրագրի շրջանակում, ինչպես նաև «Մեծահասակների կրթությունը Հայաստանում» քանակական հետազոտության արդյունքների հանրային ներկայացում․ կողմերը հանդիպման ընթացքում քննարկեցին նախորդիվ իրականացրած ծրագրերը։

Նախանշեցին առաջիկա անելիքները, այդ թվում՝ «Մեծահասակների ուսումնառության և կրթության հիմունքներ. դասավանդման մեթոդաբանություն» դասընթացի (ToT) հնարավոր շարունակականություն, անդրագոգիկայի՝ որպես մասնագիտական բնագավառի ուժեղացմանը աջակցություն, «Մեդիագրագիտություն խոցելի մեծահասակների համար» ծրագրի շարունակականություն և առավել մեծ թվով դասախոսների ներառման հնարավորություն։

Թոմաս Լիխտենբերգը, որը վերջերս է ստանձնել «Դի-Վի-Վի ինթերնեյշնլ»-ի Կովկասի և Հարավարևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրենի պաշտոնը, ընդգծեց՝ կառույցը պատրաստ է աջակցել մեծահասակների կրթության ապահովմանն ու դրա զարգացմանն ուղղված միջազգային ծրագրերում բուհի դասախոսների ներգրավվածությանը։

Նա հույս հայտնեց, որ «Դի-Վի-Վի ինթերնեյշնլ»-ի հետ համագործակցությունն առաջիկայում կամրապնդվի հուշագրով։

«Դի-Վի-Վի ինթերնեյշնլ»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Էսթեր Հակոբյանն էլ գործընկերության շրջանակներում կարևորեց Մանկավարժական համալսարանի դասախոսների և ուսանողների իրազեկումը՝ համաշխարհային կրթական զարգացումներին, նորարարություններին։

ՀՊՄՀ պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը հետագա համագործակցության համար կարևորեց աշխատանքային խմբի ձևավորումը, Հայաստանում գործող մեծահասակների կրթության կենտրոնների արդյունավետության վերհանումը՝ մագիստրոսական և ասպիրանտական հետազոտական աշխատանքների միջոցով, ինչպես նաև գերմանական առաջատար համալսարանների հետ համագործակցությունը՝ այլ ծրագրերի շրջանակներում։