ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում էին «Հետք»-ի ներկայացուցիչները
07.12.2022
Մանկավարժականում էին «Հետք»-ի ներկայացուցիչները

Ի՞նչ է փաստերի ստուգումը, ո՞րն է դրա դերը, կարևորությունը, որքանո՞վ է այն նպաստում մեդիագրագիտության բարձրացմանը․ այս և այլ հարցերի վերաբերյալ այսօր Մանկավարժականում ծավալվեց ակտիվ քննարկում։

«Հետք» լրատվամիջոցի փաստերի ստուգման թիմի անդամներն ու «Դոլչե Վելե»-ի հայաստանյան ներկայացուցիչը ՀՊՄՀ հեռուստալրագրության բաժնի 3-րդ կուրսի ուսանողների հետ հանդիպման ընթացքում խոսեցին տեղեկատվության ճշգրտման գործընթացի կարևորության, փաստերի ստուգման տեսակների մասին, այդ թվում՝ նախքան հոդված հրապարակելն ու հրապարակված նյութերում առկա տեղեկատվության ստուգումը։

Բանախոս Տրդատ Մուշեղյանը ներկայացրեց իրենց կառույցի հիմնական գործառույթները, մանրամասնեց այն հիմնական գործիքների կիրառումը, որոնք ապագա լրագրողներին կօգնեն զերծ մնալ կեղծ լուրերի և ապատեղեկատվության տարածումից։

Վերջինս ընդգծեց՝ կառույցի նպատակն է Հայաստանում զարգացնել փաստերի ստուգման մշակույթը և մեկ ընդհանուր հարթակում համախմբել փաստերի ստուգմամբ հետաքրքրվող անձանց, այդ թվում՝ լրագրողներին։

«Փաստերի ստուգումը նորույթ չէ լրագրությունում․ այն մասնագիտության ոսկե կանոններից է, որը մեդիագրագիտության զարգացման կարևոր բաղկացուցիչն է նաև։ Ժամանակակից թվային աշխարհում չափազանց կարևոր է տարբերակել կեղծ լուրը, չտրվել մանիպուլյացիաններին և լինել մեդիագրագետ․ այդ առումով կարևոր է փաստերի ստուգման լրագրությունը»,- նշեց Տրդատ Մուշեղյանն ու փաստերի ստուգումը կարևորեց նաև լրատվամիջոցների հեղինակության և վստահության ամրապնդման տեսանկյունից։

Փաստերի ստուգման թիմի ղեկավար Վահե Սարուխանյանը խոսեց «Հետք»-ի՝ InFact/Փաստացի ֆեյսբուքյան նախաձեռնության մասին և մի շարք օրինակներով սկսնակ լրագրողներին ներկայացրեց իրենց գործունեությունը։

Ինչպե՞ս դարձնել փաստերի ստուգումը լրագրողի ամենօրյա աշխատանքի բաղկացուցիչ, տարբերակել վստահելի և անվստահելի մեդիաները, ճշգրիտ օգտվել տվյալների բաց բազաներից, նպաստել Հայաստանում մեդիագրագիտության բարձրացմանը․հանդիպման ընթացքում այս և այլ թեմաների շուրջ ծավալվեց շահագրգիռ քննարկում, եղավ հարց ու պատասխան։