Այսօր Մանկավարժական համալսարան էին այցելել ԼՂՀ-ի Մարտունի քաղաքի միջնակարգ №1 դպրոցի աշակերտները.վերջիններս Երևանում մասնակցելու են Պատանի քիմիկոսների համահայկական 7-րդ մրցաշարին:
Տարիներ շարունակ մրցաշարին մեթոդական աջակցություն ցուցաբերած Մանկավարժական համալսարանի Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետը հյուրընկալեց աշակերտներին: Նրանք եղան քիմիայի, կենսաբանության և աշխարհագրության լաբորատորիաններում, ապա նաև բուհի թանգարանում:
Եռագույն դրոշ, քիմիկական էսկիմո, արյուն, փրփուր, հրաբուխ, գոլորշիացման ներծծող ուժ և այլն. դասախոսներն ու ուսանողները բուհի նորաստեղծ լաբորատորիաներում աշակերտների հետ կիսվեցին մասնագիտական գաղտնիքներով՝ ամենայն մանրամասնությամբ ներկայացնելով նաև տարատեսակ փորձեր, որոնք հանդիպել էին միայն դպրոցական դասագրքերում:
Շրջայցին ներկա էին նաև Մարտունու № 1 դպրոցի տնօրեն Կարինե Պողոսյանն ու քիմիայի ուսուցչուհի Կարինե Կարապետյանը.վերջինս aspu.am-ի հետ զրույցում նշեց. որ տպավորված են և հետաքրքրված համալսարանում տեսածով.«Աշակերտները սիրում են քիմիա առարկան, սակայն ոչ միշտ է հնարավոր լինում գործնականում կիրառել սովորածը: Կարծում եմ՝ սա ևս մի քայլ է սիրելու բարդ թվացող առարկաները, ինչպես նաև առիթ՝ դրանց վերաբերյալ հետաքրքրություն առաջացնելու դասընկերների շրջանում»:
Քիմիայի ուսուցչուհին վստահ է՝ բուհական միջավայրում լինելը կնպաստի առավել պատրաստված ներկայանալ առաջիկա մրցաշարին, ինչպես նաև կօգնի լուծել մասնագիտական կողմնորշման վերաբերյալ խնդիրը: