ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում էին ռուս պատվիրակներ
19.04.2019
Մանկավարժականում էին ռուս պատվիրակներ

Այսօր Մանկավարժական համալսարանում հյուրընկալվել էր ՌԴ-ի տարբեր բուհերի, այդ թվում Մոսկվայի քաղաքային մանկավարժական համալսարանի, և ինստիտուտների ներկայացուցիչների պատվիրակությունը՝ Երևանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանի ղեկավարությամբ:

Հյուրերը եղան բուհի թանգարանում, ծանոթացան համալսարանի հիմնադրման պատմությանը, ժամանակագրությանը, ապա այցելեցին ՀՊՄՀ-ի «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտ:

Ինստիտուտի գիտական ծրագրի ղեկավար Վահան Սարգսյանը հյուրերին ներկայացարեց կառույցի գործունեությունը, ձեռբերումներն ու հաջողությունները՝ խոսելով նաև «Շախմատի»՝ որպես դպրոցում պարտադիր առարկայի դասավանդման փորձի ու արդյունքների մասին: Վահան Սարգսյանն ընդգծեց նաև, որ ինստիտուտը միջազգային գիտաժողովների և այլ ձեռնարկների շրջանականերում իր հաջողված փորձը կիսում է դրանով հետաքրքրված երկրների հետ:

Ռուս գործընկերներն ուղղեցին Ինստիտուտի գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր, հատկապես «Շախմատ» առարկայի դասավանդման առանձնահատկությունների, դրա արդյունավետության վերաբերյալ:

Պատվիրակությանն հյուրընկալեց նաև Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը և ներկայացնելով ռուսական մի շարք բուհերի հետ արդյունավետ համագործակցությունը՝ վստահեցրեց, որ պատրաստ են ընլայնել համագործակցության շրջանակները: Գործընկեր բուհերի ուսանողների և դասախոսների փոխանակումից, փոխայցերից բացի, ռեկտորը կարևորեց հատկապես «Ամառային դպրոց» միջազգային ծրագրի համատեղ իրականացումը:

«Երբ օտար լեզուն դասավանդում է նույն լեզվի կրողը, արդյունքը լինում է ավելի լավը: Համագործակցությունը պետք է ընդլայնենք առաջին հերթին այս տեսանկյունից, քանի որ տարեցտարի կորցնում ենք ռուսերենը»,-նշեց Ռուբեն Միրզախանյանն ու հավելեց, որ Մանկավարժական համալսարանը ձգոտւմ է ՌԴ-ի տարբեր բուհերի հետ հաստատել ամուր և շարունակական գործընկերություն:

Պատվիրակները շնորհակալություն հայտնեցին հյուրընկալության համար և հույս հայտնեցին, որ կկարողանան համագործակցել ինչպես գիտական համատեղ հետազոտությունների, այնպես էլ շախմատի դասավանդման և այլ ուղղություններով:

Նշենք, որ ռուս պատվիրակներն այցի շրջանակներում եղել են հանրապետության տարբեր բուհերում և դպրոցներում, նախանշել կրթական ոլորտում հայ-ռուսական համագործակցության նոր հնարավորություններ և ուղիներ: