ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում էին սփյուռքահայ գործիչներ
06.10.2021
Մանկավարժականում էին սփյուռքահայ գործիչներ

Մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, պրոֆեսոր Աշոտ Խոեցյանն այսօր հյուրընկալեց Լոս Անջելեսի Իրանահայ միության նախագահ Թոմիկ Ալեքսանյանին և HyeID կազմակերպության նախաձեռնող խմբի անդամ Ռազմիկ Ղարախանյանին:

Հանդիպման ընթացքում Թոմիկ Ալեքսանյանը ներկայացրեց բազմամյա պատմություն ունեցող իր ղեկավարած կառույցը, գործունեությունը, Սփյուռքում տարվող աշխատանքներն ու կենտրոնի հայանպաստ գործունեությունը: Վերջինս ընդգծեց՝ հայ ազգին, որտեղ էլ նրանք լինեն, օգտակար լինելն առաջնային է իր համար, իսկ կենտրոնը՝ բոլոր հայերինն է:

Ռեկտորի պաշտոնակատար Աշոտ Խոեցյանը ներկայացրեց բուհի պատմությունը, ժամանակագրությունն ու կառուցվածքը, անդրադարձավ նաև համալսարանի կազմում գործող «Սփյուռք» գիտահետազոտական կենտրոնի գործունեությանը:

Կողմերը քննարկեցին երկուստեք համագործակցության հնարավոր հեռանկարները, գիտակրթական կապերի ամրապնդման ուղիները.«Դուք լավագույն օրինակն եք, թե ինչպես ճիշտ գործունեություն կազմակերպելով հայը կարող է հասնել մեծ հաջողությունների՝ հայրենիքից դուրս»,- նշեց ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատարը:

Հանդիպմանը ներկա էր նաև բուհի Արհեստակցական կազակերպության նախագահ, դոցենտ Հասմիկ Սարգսյանը, որի նախաձեռնությամբ քննարկվեցին բուհի 100-ամյակի շրջանակներում նախատեսվող միջոցառումները՝ նաև երկրից դուրս:

Հյուրերը եղան Կուլտուրայի ֆակուլտետում, ներկա գտնվեցին Պարարվեստի մանկավարժության ամբիոնի պարախմբի, Երաժշտության բաժնի ուսանողների փորձերին, ապա այցելեցին բուհի Գեղարվեստական կրթության ֆակուլտետ և ծանոթացան արվեստի գծով տարբեր մասնագիտությունների` նորարարական լուծումներով ամենատարբեր աշխատանքներին:

Աշոտ Խոեցյանը սփյուռքահայ գործիչներին նվիրեց ՀՊՄՀ պրոֆեսոր Արա Հակոբյանի հեղինակած՝  «Հայ ազգի ծովանկարիչները»  գիրքը և ուսանողների ձեռագործ աշխատանքներից: