Ապրիլի 14-ից մայիսի 14-ը Ղազախստանի Աբայի անվան մանկավարժական համալսարանի Հատուկ մանկավարժության ամբիոնի 3 դոկտորանտ գիտական գործունեություն կծավալի Մանկավարժական համալսարանում։
Նրանք արտասահմանյան գիտական ղեկավար են ընտրել ՀՊՄՀ Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի դոցենտ Ժաննա Պայլոզյանին։ Ի դեպ, նախորդ տարի ևս բուհն ունեցավ նման փորձառություն։
ՀՊՄՀ Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը ղազախ հյուրերի հետ հանդիպմանը ներկայացրեց բուհի պատմությունը, գիտակրթական գործունեությունը, անդրադարձավ գիտահետազոտական ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, գիտական հրապարակումներին։
Պրոռեկտորն ընդգծեց՝ Մանկավարժական համալսարանը հանրապետության բուհական համակարգում հատուկ մանկավարժներ և հոգեբանության մի շարք ուղղություններով մասնագետներ պատրաստող միակ կրթօջախն է։ Վստահեցրեց՝ պատրաստ են մեկամսյա այցի շրջանակներում ղազախ հետազոտողներին ծանոթացնել կառույցի առանձնահատկություններին և նպաստել բուհական համակարգում նրանց գիտական աշխատանքների արդյունավետ իրականացմանը։
Ղազախ հյուրերը ցանկություն հայտնեցին առավել մանրամասն ծանոթանալ մեր երկրի կրթական համակարգին, բուհի ուսումնական ծրագրերին և հույս հայտնեցին, որ Մանկավարժականում իրականացվող գիտական գործունեությունը, նախատեսված հետազոտությունները կօգնեն հարստացնել և լրամշակել իրենց աշխատությունները։