ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում էր անվանի հոգեբույժ Իոսիֆ Զիսլինը
16.02.2023
Մանկավարժականում էր անվանի հոգեբույժ Իոսիֆ Զիսլինը

Այսօր Մանկավարժական համալսարանում բաց դասախոսությամբ հանդես եկավ Իսրայելի համալսարանի (Երուսաղեմ) դոկտոր, հոգեբույժ և անկախ հետազոտող Իոսիֆ Զիսլինը։

Նա կլինիկական հոգեբուժության, հոգեֆարմակոլոգիայի, մարդաբանական հոգեբուժության վերաբերյալ ռուսերեն, անգլերեն և եբրայերեն հրատարակված հարյուրից ավելի աշխատությունների հեղինակ է։ 

Մասնագիտական շրջանակի համար դոկտոր Զիսլինը հանդես եկավ «Մարդաբանական հոգեբուժություն» թեմայով դասախոսությամբ, որի ընթացքում անդրադարձավ տրանսմշակութային հոգեբուժությանը, խնդիրներին և սխալներին, մարդաբնական թյուրըմբռնմանը՝ այն ներկայացնելով մարդաբանության և հետազոտող բժշկի տեսանկյունից։

Իոսիֆ Զիսլինը խոսեց նաև ազգագրական և տրանսմշակութային,  էմիական և էթնիկական հոգեբուժության մասին, այդ համատեքստում անդրադառնալով նաև հորիզոնական և ուղղահայաց սխալներին։  Ծավալվեց մասնագիտական քննարկում, եղավ հարց ու պատասխան։

Մանկավարժական կատարած այցի շրջանակներում դոկտոր Իոսիֆ Զիսլինինին հյուրընկալեցին ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանն ու Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ղեկավար կազմը։

Հանդիպմանը քննարկվեցին համագործակցության հնարավոր ուղղությունները։ Ռեկտոր Գևորգյանը կարևորեց անվանի հոգեբույժի այցը բուհ՝ ընդգծելով մի շարք հարցերի վերաբերյալ մասնագետների և առաջատար փորձագետների կարծիքների փոխանակման անհրաժեշտությունը, ինչպես նաև մասնագիտության կարևորությունը՝ կլինիկական հոգեբանության ոլորտում և գիտական ամսագրերում համատեղ հոդվածներ տպագրելու հնարավորությունները։  

Սրբուհի Գևորգյանը վստահեցրեց՝ պատրաստակամ են գիտամեթոդական ոլորտում ակտիվ համագործակցության․ ներկայացնելով բուհի հիմնական ուղղությունները՝ մանկավարժություն, հոգեբանության, դասավանդման մեթոդիկա, ընդգծեց՝ պատրաստ են համատեղ կյանքի կոչել նաև անվանի  գիտնական Սամվել Խուդոյանի գաղափարները։

Անվանի հոգեբույժ Իոսիֆ Զիսլինն առաջին անգամ է բուհում․ այցը ուշացած է համարում, սակայն վստահ է, որ այն երկուստեք արդյունավետ կլինի,  իսկ դասախոսությունը՝ սովորելու և սովորեցնելու առիթ։