ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում էր ԲՈԿ-ի նախագահ Սմբատ Գոգյանը
28.09.2018
Մանկավարժականում էր ԲՈԿ-ի նախագահ Սմբատ Գոգյանը

Տարբեր բուհերում պրոֆեսորադասախոսական կազմի հետ կազմակերպվող հանդիպումների շրջանակում այսօր Մանկավարժական համալսարանում էր ԲՈԿ-ի նախագահ Սմբատ Գոգյանը։ 

ՀՊՄՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը նա ներկայացրեց  գիտական ատենախոսությունների պաշտպանության համակարգի վերաբերյալ գիտական աստիճաններ շնորհող կառույցի նոր մոտեցումները, խոսեց այն փոփոխությունների մասին, որոնք ուղղված են գիտության ոլորտի բարեփոխմանը։

Կոմիտեի նախագահն առանձնակի կարևորեց մանկավարժության ոլորտը և ընդգծեց, որ այդտեղ հատկապես պետք է լինել անաչառ և բացառել պաշտպանությունների ստվերային դրսևորումները։

Ներկայացնելով մի շարք նկատառումները՝ ԲՈԿ-ի նախագահը բարձրաձայնեց ոլորտում կուտակված խնդիրները լուծելու իր հաստատակամության մասին: Նրա կարծիքով՝ որոշակի թերություններով ատենախոսությունը մինչև ԲՈԿ հասցնելու համար մեղավոր է ոչ թե հայցորդը, այլև աշխատանքի գիտական ղեկավարը, փորձագետները, ընդդիմախոսները և մասնագիտական խորհուրդը։ Ատենախոսությունը չպետք է փոփոխվի նախնական պաշտպանությունից հետո, հայցորդը իր ցանկությամբ կարող է ընտրել մասնագիտական խորհրդի 6 անդամի, որոնք կհամաձայնեն աշխատել տվյալ խորհրդում․ «ԲՈԿ-ը վերահսկում է ոչ թե հայցորդի, այլ մասնագիտական խորհրդի աշխատանքը»,-հավելեց նա: 

Սմբատ Գոգյանը վստահ է, որ կատարված բարեփոխումները հօգուտ հայցորդի են, որպեսզի պաշտպանությունը դառնա հեշտ, բայց պատասխանատու նրա համար․ դրանով պաշտպանվում է ոչ թե հայցորդը, այլ գիտությունը։ 

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահը ներկայացրեց նաև մասնագիտական խորհուրդների ձևավորման ռոտացիոն նոր կարգը, որի նպատակը գիտնականի բարոյական պատասխանատվության գիտակցումը բարձրացնելն է, և հավելեց, որ կդադարեն գործել մասնագիտական խորհուրդների մի մասը, այդ թվում նաև Մանկավարժական համալսարանում գործող մանկավարժական գիտության ուղղությամբ մասնագիտական պաշտպանական խորհուրդը։

Հանդիպումը շարունակվեց հարցուպատասխանի ձևաչափով և բուհի դասախոսները ՍՄբատ Գոգյանին ուղղեցին իրենց հետաքրքրող մի շարք հարցեր։  Դրանք հիմնականում վերաբերում էին թեկնածուական և դոկտորական ատենախոսություններին ներկայացվող չափանիշներին ու պահանջներին, գիտական կոչումների շնորհման կարգի հնարավոր փոփոխություններին, «սև ընդդիմախոսի» ինստիտուտին, պաշտպանությունից առաջ տպագրվող գիտական հոդվածների քանակին, մասնագիտական խորհուրդների ձևավորմանը և այլն:

Ներկայացնելով իր ղեկավարած կառույցի նպատակներն ու տեսլականը՝ Սմբատ Գոգյանը հավելեց՝ պետք է կոտրել կարծրատիպերը, որ գիտության ոլորտ չմտնեն մարդիկ, որոնք ասելիք չունեն այդ բնագավառում։