ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանը
17.11.2021
Մանկավարժականում էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանը

Մանկավարժական համալսարանում հյուրընկալվել էր Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Ն.Գ. Ֆան Յունը:

ՀՊՄՀ-ի ռեկտորի պաշտոնակատար, պրոֆեսոր Աշոտ Խոեցյանի հետ հանդիպմանը դեսպանը ծանոթացավ հարյուրամյա պատմություն ունեցող բուհի գործունեությանը, քննարկեցին և նախանշեցին  համագործակցության հնարավոր ուղղությունները:

Պրոֆեսոր Խոեցյանը ողջունեց դեսպանին և հույս հայտնեց, որ հանդիպումը կունենա գործնական արտահայտություն: Նա ընդգծեց, որ 2022 թվականը շատ կարևոր է ինչպես բուհի, այնպես էլ հայ և չին ժողովուրդների համար. լրանում է ՀՊՄՀ-ի 100 և հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հիմնադրման 30-ամյակը:

«Մեր համալսարանը մեծագույն պատասխանատվությամբ է պատրաստվում հոբելյանին և այդ շրջանակներում նախատեսում է Ձեզ հյուրընկալել բուհում` ձևավորելով համագործակցության նոր ուղղություններ: Չինաստանը լուրջ ազդեցություն ունի ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր տարածաշրջանում` շարունակելով կրթության և գիտության ոլորտում լինել լուրջ գործընկեր»,-նշեց ռեկտորի պաշտոնակատարն ու ուրախությամբ նկատեց` երկու անգամ եղել է Չինաստանում, կատարել հետազոտություններ աշխարհագրության ոլորտում:

Աշոտ Խոեցյանն անդրադարձավ գործընկերության մի քանի ուղղությունների, մասնավորապես` ուսանողների փոխանակում, չինարեն լեզվի ուսուցում, հետազոտական ծրագրեր, չինական մշակույթի, աշխարհագրության ուղղվածությամբ մասնագիտության ներդրում և այլն:

«Մանկավարժական համալսարանում գործող չինական մշակույթի կենտրոնը կլինի այն բջիջը, որը կարող է հայ-չինական համագործակցության նոր սկիզբ լինել»,-նշեց ռեկտորի պաշտոնակատարն ու վստահեցրեց, որ ամենատարբեր ծրագրերի իրագործման համար բուհն ունի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների լուրջ ռեսուրս:

Դեսպան Ֆան Յունը շնորհակալություն հայտնեց հյուրընկալության համար և հույս հայտնեց, որ հանդիպումը հնարավորություն կտա արդյունավետ համագործակցության համար կատարել հետևություններ:

Մեր երկրում Չինաստանի դեսպանը խոստովանեց` չնայած սա իր առաջին այցն է Մանկավարժական համալսարան, սակայն տպավորված է երկու ազգերի նմանությամբ ու բազմամյա համագործակցությամբ.«Երկու ժողովուրդներն էլ յուրատեսակ վերաբերմունք ունեն կրթության, ուսուցչի և ընտանիքի հանդեպ. դա հենց այն իմաստությունն է, որ պատմականորեն ձևավորվել են երկու ժողովուրդների միջև»,-նշեց դեսպան Ֆան Յունն ու կարևորեց Մանկավարժական համալսարանի դերը վերոնշյալ առաքելության իրականացման գործում:

Վերջինս պատրաստակամություն հայտնեց համագործակցության հնարավորություններ գտնելու կրթության, մշակույթի ոլորտներում տարբեր ծրագրերի, նախաձեռնությունների իրականացմանը աջակցելու գործում` ուրախությամբ նկատելով` չնայած երկու երկրների դիվանագիտական կապերը հաստատվել են շուրջ 3 տասնամյակ առաջ, սակայն հայ և չին ժողովուրդները բարեկամությունն ունի վաղեմի պատմություն`սկսած «մետաքսի ճանապարհից»:

Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Ն.Գ. Յան Ֆոնը եղավ նաև Մանկավարժական համալսարանում գործող չինական մշակույթի կենտրոնում: ՀՊՄՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Աշոտ Խոեցյանը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց դեսպանին հյուրընկալության համար և հույս հայտնեց, որ հետագա համագործակցությունը կլինի երկուստեք արդյունավետ: