ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում էր դերասան Դավիթ Հակոբյանը
16.10.2021
Մանկավարժականում էր դերասան Դավիթ Հակոբյանը

«Մեր մասնագիտությունն անցյալ չունի, ապագան անորոշ է․ այն այսօրվա մասնագիտություն է»,-ՀՊՄՀ-ի Կուլտուրայի ֆակուլտետում Երիտասարդ գրականագետների կազմակերպած հանդիպմանը նշեց դերասան Դավիթ Հակոբյանը։

Ուսանողների հետ զրույցում նա խոսեց դերասանի մասնագիտության առանձնահատկությունների մասին՝ ընդգծելով, որ այն սկսվում է «զրոյից», և դերասանը չի կարող մեկը մյուսի արածի հիման վրա առաջ գնալ։ 

Նա այն կարծիքին է, որ դերասանի մասնագիտությունը երևույթը ճիշտ ընկալելու, դրա մեջ վարպետանալու գործն է․ «Դերասանի գործիքը մարմինն է, և նա իր ողջ կյանքի ընթացքում պիտի զբաղվի իր մարմնի կառավարությամբ, զարգացմամբ և բացահայտմամբ»,-նշեց դերասանն ու կարևորեց այդ մասնագիտության մեջ լինել-չլինելու գիտակցումը․ երբ զգում ես այլևս դու չես, պետք է հեռանաս։

Նրա կարծիքով՝ դերասանի մասնագիտությունը երիտասարդ մարդու արվեստ է, իսկ դերասանն էլ նրա համար է, որ ստեղծի նոր իրականություն։ 

«Դերասանի համար իրական հույզ չկա։ Երբ իրականությունը մտնում է դերասանի արվեստ, ուրեմն դերասանն այլևս արվեստագետ չէ»,-նշեց Դավիթ Հակոբյանն ու պատասխանեց ուսանողների հարցերին։

Ինչպե՞ս է դասավանդում ուսանողներին հարցին՝ դերասանը պատասխանեց, որ երբեք չի փորձում որևէ մեկին որևէ բան սովորեցնել․ նա ուղղակի իր կարծիքն է հայտնում, ցույց տալիս այն, ինչ կարողանում է անել՝ ուսանողներից պահանջելով ցույց տալ իր ցուցադրածը․ «Երբեմն զարմանում եմ, որ ինձանից ավելի լավ են անում․ դա մեծ հաճույք է ինձ համար»։

Անդրադառնալով թատրոնի դերին ու նշանակությանը՝ Դավիթ Հակոբյանը հավելեց՝ թատրոնն այն մասին է, թե որտեղ կցանկանար մարդն ապրել։

«Թատրոնն ունի մեկ թեմա, մնացածը դրա ածանցյալներն են։ Այն սիրո՝ հավատարմության ու ապագայի, կամ սիրո բացակայության՝ դավաճանության ու պատերազմի մասին է․ այլ թեմա չկա»,-նշեց դերասանն ու խոսեց նաև կինոյի մասին՝  հավելելով, որ կինոյի և թատրոնի դերասանների գործիքները տարբեր են և հնարավոր չէ մեկի գործիքով մյուսում խաղալ։ Թեև և′ կինոյում, և′ թատրոնում դերասանը մեծ հաճույքով է խաղում, սակայն խոստովանեց՝ թատրոնի հաճույքը բոլորովին այլ է։  

Վիոլա Ոսկանյան-Լրագրության բաժնի երկրորդ կուրսի ուսանողուհի