ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում էր Եվրասիական միության մանկավարժական բուհերի ասոցիացիայի պատվիրակությունը
21.12.2018
Մանկավարժականում էր Եվրասիական միության մանկավարժական բուհերի ասոցիացիայի պատվիրակությունը

Այսօր Մանկավարժական համալսարանում էր Եվրասիական միության մանկավարժական բուհերի ասոցիացիայի պատվիրակությունը՝ ասոցիացիայի նախագահ, Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ալեքսեյ Լուբկովի ղեկավարությամբ:

Ռուս գործընկերներին ընդունեց ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը: Հանդիպմանը քննարկվեցին երկու բուհերի միջև համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր, մասնավորապես՝ ՀՊՄՀ-ի ռեկտորը ներկայացրեց բուհի ռազմակավարական և գերակա ուղղությունները, Կուլտուրայի և Գեղարվեստական կրթության ֆակուլտետների առանձնահատկությունները:

Ռուբեն Միրզախանյանն անդրադարձավ նաև Մանկավարժական համալսարանի՝ ռուսաց լեզվի դասավանդման որակի բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքներին և վստահեցրեց՝ ձեռքբերումները շոշափելի են և կլինեն շարունակական:

Եվրասիական միության մանկավարժական բուհերի ասոցիացիայի նախագահ, Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ալեքսեյ Լուբկովը շնորհակալության հայտնեց հյուրընկալության համար և ներկայացնելով ռուս գործընկերներին՝ հույս հայտնեց, որ հանդիպումը նոր շունչ կհաղորդի երկու բուհերի համագործակցությանը: Երկու բուհերի ռեկտորներն իրենց խոսքում ընդգծեցին միջհամալսարանական կապերը, հատկապես՝ ուսանողների փոխանակումները:

Պատվիրակության այցը նշանավորվեց երկու համալսարանների միջև համագործակցությունը շարունակելու վերաբերյալ հուշագրի կնքմամբ:

«Պայմանագիրը ենթադրում է համագործակցություն ամենատարբեր ոլորտներում՝ գիտամանկավարժական, ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի փոխանակում, գիտական համատեղ նախագծերի ու ծրագրերի իրականացում»,-նշեց ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն ու ՀՊՄՀ-ի Գիտական խորհրդի որոշմամբ Ալեքսեյ Լուբկովին շնորհեց պատվավոր դոկտորի կոչում:

Ալեքսեյ Լուբկովը շնորհակալություն հայտնեց նման պարգևի արժանացնելու համար ու ևս մեկ անգամ ընդգծեց՝ ձևավորվել են հարուստ ավանդույթներ ոչ միայն երկու երկրների, այլև երկու բուհերի միջև:

«Այսօրվա հուշագիրը նոր էջ է բացում մեր համալսարանների համար՝ դասախոսներին և ուսանողներին ընձեռելով տարբեր ուղիներով համագործակցելու նոր հնարավորություններ: Համագործակցության ու կապերի զարգացմանը պետք է նայենք՝ ելնելով մեր երկրների մշակույթների ու ավանդույթների հանդեպ հարգանքի, դարավոր ու վեհ բարեկամության տեսանկյունից»,-նշեց Ալեքսեյ Լուբկովն ու հավելեց, հետագա կապերը զարգացնելու համար լավ հիմքեր են դրված: