ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում էր բանաստեղծ Բաբկեն Սիմոնյանը
23.11.2022
Մանկավարժականում էր բանաստեղծ Բաբկեն Սիմոնյանը

Մանկավարժական համալսարանում էր բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ Սիմոնյանը։ Վերջինս բուհում էր ՀՊՄՀ Հայ հին և միջնադարյան գրականության և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանի հրավերով ։

Բուհի մեկդարյա հոբելյանի շրջանակներում կազմակերպված միջոցառումը նվիրված էր Հայաստանին, հայ ժողովրդին, հայ-սերբական կապերի հետաքրքիր բացահայտմանը։

«Բաբկեն Սիմոնյանը հետաքրքիր անհատականություն է։ Հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ՝ ընթերցողի սեղանին է դրել մի շարք գրքեր, թարգմանություններ՝ հայերենից սերբերեն, և՝ հակառակը։ Նա ծագումով Վասպուրականից է՝ Վանից, իսկ վանեցին բնավորություն է, էություն. այստեղից էլ՝ նրա բանաստեղծական թախիծն ու կորուսյալ հայրենիքի մորմոքը: Ինչպես գրականագետ Կարո Վարդանյանն է արտահայտվել՝ դժվար է ասել՝ Բաբկեն Սիմոնյանը ավելի շատ Հայաստանո՞ւմ է ճանաչված, թե՞ Սերբիայում: Նա Սերբիան համարում է իր երկրորդ հայրենիքը և մեր օրերում դարձել է Հայաստանն ու Սերբիան կամրջող խորհրդանիշ»,- հանդիպման ընթացքում նշեց Աելիտա Դոլուխանյանը:

Անդրադառնալով հայ-սերբական կապերի զարգացման գործում Բաբկեն Սիմոնյանի ավանդին՝ պրոֆեսորն ուսանողներին հորդորեց շատ կարդալ, ուսումնասիրել տարբեր ժողովուրդների պատմությունը, մշակույթն ու գրականությունը՝ ունենալով գրողի հրաշալի օրինակը:

Ի դեպ, Բաբկեն Սիմոնյանը տարվա ընթացքում մի քանի անգամ դասախոսությամբ հանդես է գալիս բանասիրականի ուսանողների համար, նրանց ծանոթացնում հայ-սերբական գրական-մշակութային կապերի իր բացահայտումներին:

«Որպես մի փոքրիկ երկրի խոսնակ՝ ես անում եմ այն, ինչ կարող եմ. հենց դրանով է իմաստավորվում իմ կյանքը»,- նշեց Բաբկեն Սիմոնյանն ու լավատեսությամբ հավելեց՝ հայ ժողովուրդը երբեք նահանջելու իրավունք չունի. նա հավերժ է։

Հանդիպման ընթացքում ներկաներին ողջունեց նաև Բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանը․ ցուցադրվեց Բաբկեն Սիմոնյանի մասին պատմող վավերագրական ֆիլմ։