Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանն այսօր հյուրընկալեց Հայաստանում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչին:
Հանդիպմանը ներկա էին նաև բուհի Աշխատակազմի և միջազգային համագործակցության, Ուսումնագիտական գծով պրոռեկտորներ Մարիաննա Հարությունյանն ու Մարիամ Իսպիրյանը:
Դեսպանն ընդգծեց՝ առաջին անգամ չէ Մանկավարժականում. կարևորում են բուհի հետ ակտիվ գործակցությունը, իսկ հայ-սերբական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակներում պատրաստ են քննարկել նոր ծրագրեր իրականացնելու հնարավորություններն ու համագործակցության ընդլայնումը։
Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչն անդրադարձավ մասնավորապես Մանկավարժականում սերբերենի ուսուցման բաժին բացելու հեռանկարներին։ Նա նշեց, որ աշխարհում նման բաժին գործում է 3 երկրում միայն։ Պաշտոնավարման ընթացքում հասկացել է՝ կա սերբերենի թարգմանիչների անհրաժեշտություն։
Ռեկտոր Սրբուհի Գևորգյանը ողջունեց դեսպանին մանկավարժական մայր բուհում հյուրընկալվելու առթիվ և հավաստիացրեց՝ պատրաստ են ծավալել արդյունավետ համագործակցություն՝ ի նպաստ հայ-սերբական հարաբերությունների ամրապնդման նաև կրթության ոլորտում:
Ռեկտորը նկատեց՝ ծրագիրն իրագործելուց առաջ, նախ պետք է հաշվի առնել, որ Մանկավարժականը ուսուցիչներ պատրաստող բուհ է․ անգլերենից և ռուսերենից բացի, տարեցտարի նվազում են լեզուներ ուսումնասիրել ցանկացող դիմորդների քանակը։
Սրբուհի Գևրոգյանը հավելեց՝ բուհը ունեցել է նմանատիպ փորձ․ կարծում է, որ նախ անհրաժեշտ է մոնիթորինգ անցկացնել, ապա, ըստ անհրաժեշտության և պահանջի իրագործել ծրագիրը։
Աշխատակազմի և միջազգային համագործակցությանն գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանն էլ լեզվի ուսուցման հնարավորությունը իրատեսական համարեց բուհում մշակույթի կենտրոնի հիմնմամբ և սերբական բուհերի հետ համագործակցության շրջանակներում։
Պրոռեկտորը ներկայացրեց այլ երկրների, մասնավորապես՝ Բուդապեշտի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի հետ համագործակցության փորձն ու ընդգծեց՝ պատրաստ են գործակցել նաև Էրազմուս + ծրագրի շրջանակներում։
Մարիաննա Հարությունյանը հավելեց՝ Մանկավարժականում տևական ժամանակ գործում է չինարենի, ռուսերենի կենտրոններ․ առաջիկայում նախատեսվում է հիմնել հունգարական մշակույթի կենտրոն՝ նպաստելով լեզվի հանրահռչակմանը։
Կողմերը քննարկեցին լեզվի ուսուցման ներկայիս դժվարությունների, ուսանողների հետաքրքրվածության բարձրացման, դասավանդման մեթոդիկաների, ծրագրի իրագործման այլընտրանքային հնարավորությունների մասին։
Դեսպան Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչը հանդիպմանը ներկայացրեց նաև «Աշխարհը Սերբիայում» կրթաթոշակն, ու այն հնարավորությունները, որ ծրագիրն ընձեռում է հայ ուսանողներին։
Կողմերը հույս հայտնեցին, որ համատեղ ջանքերի շնորհիվ կրթական ոլորտում կշարունակեն ամրապնդել հայ-սերբական հարաբերությունները, իսկ համատեղ նախաձեռնությունների իրականացումը կնպաստի համագործակցության արդյունավետությանը: