ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում էր Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպանը
18.11.2021
Մանկավարժականում էր Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպանը

Մանկավարժական համալասարանում  ռեկտորի պաշտոնակատար  Աշոտ Խոեցյանն այսօր հյուրընկալեց Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. Պատրիկ Սվենսոնին:

Աշոտ Խոեցյանը շնորհակալություն հայտնեց այցի համար և խոսելով միջազգային համագործակցության կարևորության մասին՝ վստահեցրեց, որ պահպանվելու են ավանդույթներն ու ընդլայնվելու դրանց շրջանակները։

Ռեկտորի պաշտոնակատարը որպես աշխարհագետ նշեց, որ  Շվեդիան՝ իր քաղաքակրթությամբ, մշակույթով  ու ավանդույթներով, կրթական լայն հնարավորություններով, բնությամբ և էկոլոգիական բարձրակարգությամբ, մեծ թենիսի ուղղվածության գերակայությամբ և հատկապես ժողովրդավարական երկրի օրինակելիությամբ մշտապես եղել է իր հետաքրքրությունների շրջանակում։

Խոսելով կրթության ոլորտում երկու երկրների գործակցության հնարավորությունների մասին՝ Աշոտ Խոեցյանը նշեց, որ մեր երկրում կրթական համակարգը բարեփոխումների շրջանում է, և գիտակրթական հետագա զարգացումներում մեծ աջակցություն կլինի Շվեդիայի հետ համագործակցությունը։

«Մենք մեծապես կարևորում ենք ներառական կրթությանը, եվրոպական արժեքների ներառումը մեր կրթական համակարգում՝ դրանք համարելով կարևոր գործընթացներ: Կարծում ենք, որ ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերը մեծապես կնպաստեն մեզանում կրթական զարգացումների գործընթացներին նաև եվրոպական կրթական տարածքում, իսկ շվեդական կրթական համակարգի օրինակելի և դրական փորձի ներդրումը Մանկավարժական  համալսարանում մեծապես կնպաստի բուհի կրթական գործընթացներին»,-նշեց Աշոտ Խոեցյանն ու անդրադարձավ համագործակցության հնարավոր ուղիներին՝ հույս հայտնելով, որ հաջորդ հանդիպումը կլինի առավել գործնական:

Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն․ Գ․ Պատրիկ Սվենսոնը շնորհակալություն հայտնեց հյուրընկալության համար և ուրախությամբ նկատեց՝ արդեն իսկ կան երկուստեք հետաքրքրություններ։

Դեսպանը հավելեց նաև, որ 2022 թվականին եվրոպական երկրները մտադիր են միասնական ձևաչափով նշել դիվանագիտական հարաբերությունների 30  տարին: Վերջինս իր հիացմունքն արտահայտեց Հայաստանի կրթական մակարդակի մասին՝ բարձր գնահատելով հետազոտական աշխատանքների արդյունավետ զարգացումը, որը գալիս է դեռևս խորհրդային տարիներից.«Դուք ունեք կրթական լավագույն ավանդույթներ, ինչը նկատելի  է նաև դեսպանատան հայ աշխատակիցների հետ շփումներում․ նրանցից մի քանիսը Մանկավարժական համալսարանի շրջանավարտներ են»:

Խոսելով երկու երկրների կրթական հաստատությունների համագործակցության հնարավորությունների մասին՝ մեր երկրում Շվեդիայի Թագավորության դեսպանը նշեց, որ հայ ուսանողները հնարավորություն կունենան օգտվել Շվեդիայի տրամադրած կրթաթոշակներից, ինչին կարող է նպաստել Շվեդական ինստիտուտը և տեղեկացրեց, որ իրենց երկրում ստեղծվում է հայ ուսանողների միություն։

ՀՊՄՀ-ի Աշխատակազմի և միջազգային հարաբերությունների գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը դեսպանին տեղեկացրեց, որ միջազգային տարբեր ծրագրերում բուհն արդեն իսկ ներգրավված է։

Այցի ավարտին Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. Պատրիկ Սվենսոնը այցելեց նաև բուհի թանգարան, ծանոթացավ մեկդարյա պատմություն ունեցող կրթօջախի պատմությանն ու ժամանակագրությանը։