ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

2013 թվականին Մանկավարժականում էր «Խոստումը» ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջը
16.05.2017
2013 թվականին Մանկավարժականում էր «Խոստումը» ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջը

Լոս Անջելեսում կայացած համաշխարհային պրեմիերայից հետո այսօր համաշխարհային մեծ էկրաններին է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը:

Մանկավարժական համալսարանի լրագրության բաժնի առաջին կուրսի ուսանողները հնարավորություն ունեցան տեսնելու ֆիլմը, որի ռեժիսորը դեռ տարիներ առաջ Երևանում հանդիպել և խորհուրդներ էր տվել ապագա լրագրողներին և ռեժիսորներին:

Օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջը ֆիլմի սյուժեի հիմքում դրել է սիրո պատմություն, որը զարգանում է 1915 թվականին ծավալվող իրադարձությունների ՝ Հայոց ցեղասպանության ֆոնին:

Երկար տարիներ Հոլիվուդում աշխատող իռլանդացի սցենարիստ, ռեժիսոր, 2012 թվականին Օսկար մրցանակի արժանացած Թերի Ջորջը տարիներ առաջ հյուրընկալվել էր Մանկավարժականում:

Խոսելով իր ծագման, Ռուանդայի ցեղասպանության մասին, նա անկեղծացել էր, որ Հայաստան այցն իր համար խորքային նշանակություն ունի, իսկ երկու ժողովուրդների ուժը, մշակութային արժեքներն ու հաղթանակները պայմանավորում է հենց Ցեղասպանություն վերապրելու հանգամանքով:

Քչերին է հայտնի, որ այն ժամանակ նա արդեն ծրագրել էր ստեղծել մեծածավալ այն գործը, որն այսօր մեր էկրաններին է: Եվ Հայաստան այցից հետո նա պիտի այցելեր նաև Թուրքիա, ծանոթանար Արևմտյան Հայաստանին:

Այդ ժամանակ Հայաստանում նա մնաց շատ կարճ, և այցելեց միայն Մանկավարժական համալսարան: Ուսանողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ժամանակակից կինոարվեստին, ԶԼՄ-ի գործառույթներին, հոլիվուդյան սցենարիստը նշեց, որ դրանք այսօր լայն հնարավորություն են տալիս բացահայտել աշխարհում գոյություն ունեցող երևույթներն ու հաճախ նաև պատմական իրողությունները.«Ներկայացրեք սեփական պատմությունը` օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները, մասնավորապես՝ համացանցն ու արվեստը»,- ասաց Թերի Ջորջը:

Օսկարակիր ռեժիսորը 2013 թվականին պարգևատրվել է Մանկավարժական համալսարանի 90-ամյա հոբելյանը խորհրդանշող մեդալով: