ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում էր Կոլումբիայի համալսարանի հայազգի պրոֆեսորը
19.10.2021
Մանկավարժականում էր Կոլումբիայի համալսարանի հայազգի պրոֆեսորը

Մանկավարժական համալսարանի Պաստմության և հասարակագիտության ֆակուլտետի հրավերով բուհում հյուրընկալվել էր  ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հայկական բաժնի վարիչ, Կոլումբիայի համալսարանի Մերձավոր Արևելքի, Հարավային Ասիայի և Աֆրիկայի հետազոտությունների բաժնի դասախոս, պրոֆեսոր Խաչիկ Մուրադյանը:  

«Եղեռնի մասին խոսելիս  Դեր Զորը հաճախ  օգտագործում  են  իբրև հոմանիշ: Այդ մասին վկայում են պատմական հուշագրությունները, տարբեր աղբյուրներ: Ցավոք, տարիներ շարունակ պատմաբանները Եղեռնի մասին խոսելիս կամ գրելիս  հիմնականում հայերին ներկայացրել են զոհի կարգավիճակով՝ անտեսելով տարբեր երկրների միսիոներների և  հայ մեծահարուստների՝ եղեռնից փրկված ու ճամբարներում հանգրվանած հայերի փրկությանը միտված լայնածավալ աշխատանքը»,-նշեց պրոֆեսորը՝ «Վերապրելու պայքարը Մեծ եղեռնի համակենտրոնացման ճամբարներում» վերտառությամբ դասախոսության ընթացքում:

Բանախոսն անդրադարձավ հենց այդ խնդրին՝ էկրանին ցուցադրելով Արամ Անտոնյանի՝ Սիրիա-Դեր Զոր աշխարհագարական տարածքի և այնտեղ տեղակայված հայերի համակենտրոնացման ճամբարների քարտեզը, այդ տարիներից պահպանված վավերագրական մի շարք փաստաթղթեր՝ մարդկանց անուններ, օգնության ստացականներ և ժամանակի իրադարձություններ մասին վկայող այլ  փաստեր:

Խաչիկ Մուրադյանը  նույն վերնագրով գիրք է տպագրել, որտեղ խոսվում է Թուրքիայի հայակործան քաղաքականության արդյունքում Հայոց եղեռնից մազապուրծ գաղթականների առաջին հանգրվանի՝ փախստականների համակենտրոնացման ճամբարների մասին Սիրիայի և Դեր Զորի միջև գտնվող տարածքում.«Պատմաբաններն ավելի շատ գրել են այն մասին, որ 1, 5 մլն հայ Թուրքիայի կողմից տարագրվել է, բնաջնջվել: Անտեսվել է այն փաստը, որ հայերը մի կողմից ենթարկվել են չարի կենտրոնի, մյուս կողմից՝ փրկության: Թուրքիայի եղեռնասպան քաղաքականության մեջ հայերի փրկությանն ուղղված ջանքերն ու համակարգված աշխատանքն անտեսված է»:

Պրոֆեսորը նկատեց՝ միայն բնաջնջման քաղաքականությանն անդրադառնալը պատմաբանների կողմից ոչ ճիշտ մոտեցում է: Նա մանրամասնեց  Սիրիայի և Դեր Զորի միջև համակենտրոնացման ճամբարներում գտնվող հայերի կյանքը հնարավորինս փրկելու, նրանց տարբեր ձևերով ու միջոցներով ճամբարներից հանելու, ինչպես նաև   նյութական օգնություն ցուցաբերելու բազմաթիվ օրինակներ ու փաստեր, ինչը արվել է թուրք ոստիկանների դաժան ու աչալուրջ հսկողության պայմաններում.«Մինչև այժմ էլ Հալեպի եկեղեցիներում պահպանվում են 1915 թվականի օգնության ստացականներ»:

Կոլումբիայի համալսարանի դասախոս հայազգի Խաչիկ Մուրադյանը համոզված է, որ ճիշտ չէ շեշտադրել միայն ցեղասպանության ընթացքի վայրագությունները՝ չներկայացնելով հայերի պայքարը. «Օրական 500 հայ էր մեռնում այդ ճամբարներում սովից, ցրտից ու բռնությունից, բայց որքան մարդ էլ փրկվել է դիմադրության ու պայքարի համար գործող ցանցի կամավորների ջանքերի շնորհիվ»:

Խաչիկ Մուրադյանը,  ամփոփելուվ Մանկավարժական համալսարանում իր դասախոսությունը, հավելեց՝ Կոլումբիայի համալսարանի իր ուսանողներին հաճախ է ասում՝ ցեղասպանությունը վերապրածների սերունդներից է կախված ապագան.«Ի՞նչ կլինի ցեղասպանվածների հաջորդ սերունդների ապագան՝ կախված է յուրաքանչյուրիցս: Պետք է վերջ դնել այս երևույթներին ցանկացած գնով ու ցանկացած միջոցներով» :