ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում էր լեհ նեյրոլոգոպեդ Մարլենա Պուխովսկայան
06.09.2021
Մանկավարժականում էր լեհ նեյրոլոգոպեդ Մարլենա Պուխովսկայան

Աշխատանքային այցով Մանկավարժական համալսարանում էր Լեհաստանի Բիդգոշչ քաղաքի AFALOG աֆազիայի հաղթահարման և մասնագետների վերապատրաստման կենտրոնի հիմնադիր-տնօրեն, նեյրոլոգոպեդ Մարլենա Պուխովսկայան: Վերջինս նաև Ա. Յուրաշի անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցի պրոֆեսոր է, Բանկային բարձրագույն դպրոցի նեյրոլոգոպեդիայի հետազոտական կրթության բաժնի վարիչ:

Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպում-քննարկման ընթացքում բանախոսն անդրադարձավ <<աֆազիա>> հիմնախնդրին, ներկայացրեց աֆազիա ունեցող անձանց հետ իրականացվող լոգոպեդական աշխատանքների դրվածքն ու բազմամասնագիտական թիմի համագործակցության ուղղությունները Լեհաստանում: Լեհ մասնագետն անդրադարձավ նաև  աֆազիա ունեցող անձանց հետ տարվող պրակտիկ մոտեցումներին, ժամանակակից տեխնոլոգիաների, մեթոդների կիրառմանը:

Հանդիպման ընթացքում Մարլենա Պուխովսկայան վիճակագրական տվյալներ ներկայացրեց Լեհաստանում աֆազիայի հանդիպման հաճախականության, բուժման ընթացքի արդյունավետության մասին, կարևորեց լոգոպեդի աշխատանքը՝  այցելուի և նրա ընտանիքի անդամների հետ:

Ֆակուլտետի դեկան, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Սիրանուշ Կարապետյանը կարևորեց մասնագիտության շրջանակներում միջազգային համագործակցությունն ու փորձի փոխանակումը: Անդրադառնալով աֆազիային՝ որպես լոգոպեդիայի արդի և կարևոր հիմնահարց, հատկապես արժևորեց ուսանողների ակտիվ մասնակցությունը նմանատիպ միջազգային տեսագործնական քննարկումներին: Ծավալվեց մասնագիտական դեպքերի քննարկում, տեղի ունեցավ փորձի փոխանակում, եղավ հարց ու պատասխան: Լեհ գործընկերը պատրաստակամություն հայտնեց հետագա համագործակցության: